Մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել աշխատանքային պարտականությունները. ԶՊՄԿ-ի պարզաբանումը

ԶՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոմիտեն պարզաբանում է ներկայացրել. «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։ Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ ներկայացնում ենք մի շարք կարևոր փաստեր և թվեր. * Հարկ ենք համարում հիշեցնել, որ ընկերության աշխատակիցները նախկինում ևս կազմակերպել են բողոքի ակցիաներ և ոչ թույլատրելի գործադուլներ աշխատավարձի բարձրացման պահանջով, այդ թվում՝ մինչև բաժնետերերի և ղեկավարության փոփոխությունները, օրինակ՝ 2018 թվականին։ * 2024 թվականի սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։ * Այս փոփոխությունների շրջանակում, օրինակ, բեռնատարների օպերատորների և նրանց օգնականների վարձատրության վերանայման արդյունքում (2024 թվականի հոկտեմբեր) նրանց վարձատրության գործարքային բաղադրիչը զգալիորեն աճել է։ * Անկախ սեպտեմբերից իրականացվող բարեփոխումներից՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս պահին էլ ԶՊՄԿ-ի միջին աշխատավարձը գերազանցում է ոլորտի բոլոր ցուցանիշները։ * Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո, ինչը պայմանավորված է ոլորտի, մասնավորապես՝ ԶՊՄԿ-ի գործունեությամբ։ Աշխատավարձերի վերաբերյալ կամայական մեկնաբանություններից խուսափելու համար՝ ներկայացնում ենք գործարանի որոշ պաշտոնների ներկայիս աշխատավարձերի տվյալները (ՀՀ դրամ՝ նվազագույն-առավելագույն, ներառյալ հարկերը)։ 1) Հարստացուցիչ ֆաբրիկա Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի Ֆլոտատոր — 399,470-594,099 Փականագործ — 329,918-580,003 էլեկտրագազաեռակցող — 359,856-609,491 2) Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամաս Ընթացիկ աշխատավարձ՝ ըստ կարգի Կոնվեյերավար — 450,090-480,060 էլեկտրագազաեռակցող — 362,789-614,809 3) Ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ) Միջին ամսական աշխատավարձ (ներառյալ հարկերը) 90 տոննա — 1,140,151 130 տոննա — 1,372,247 180 տոննա — 1,672,215 Ընդհանուր միջին -1,394,871 Բացի այդ՝ * ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։ * Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։ * Ընկերությունն ապահովում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերի փոխհատուցում։ * Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։ * Ընկերությունը սոցիալական լայնածավալ ծրագրերի շրջանակում ֆինանսավորում է մանկապարտեզներ, սպորտային խմբակներ, բժշկական հաստատություններ, մշակույթի տներ, բազմաթիվ միջոցառումներ և հարյուրավոր այլ սոցիալական ծրագրեր։ Քանի որ վերջին օրերին գործադուլի կազմակերպիչների կողմից տարածվում է ապատեղեկատվություն՝ իբրև «աղքատիկ» աշխատավարձերի և վատ վարձատրության պայմանների մասին, հանրության դատին ենք թողնում վերոնշյալ թվերը և փաստերը։ Լրացուցիչ՝ * Չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը։ * Արհմիությունը չի աջակցում այս գործողություններին` համարելով դրանք անօրինական, և չի դիտարկում դրանք որպես գործադուլ։ * «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։ Շատ դեպքերում աշխատանքի տեղավորումը պայմանավորված է բացառապես սոցիալական խնդիրներով և միշտ չէ, որ արտացոլում է ընկերության իրական կարիքները մասնագետների հարցում։ Ամեն օր Կադրերի բաժին են ուղարկվում մեծ թվով աշխատանքային դիմումներ՝ չնայած սահմանափակ թվով թափուր աշխատատեղերին։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատակիցների մեծ մասը գնահատում է իրենց աշխատանքը և ընկերության վերաբերմունքը, ուստի նրանք չպետք է տուժեն որոշ անպատասխանատու հրահրիչների գործողություններից»։

Կիսվել սոց․ ցանցերում