Քաղաքացիների հաշիվները սառեցվել են առանձնապես խոշոր չափով համակարգչային հափշտակության վարույթով

ՍիվիլՆեթին դիմել են մի քանի քաղաքացիներ՝ պնդելով, որ իրենց բանկային հաշիվներն արգելափակվել են։ Նրանք պնդել են, որ սառեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ստացել են փոխանցում հարազատից կամ ծանոթից՝ նույն բանկից։ Ավելին, մեզ դիմած քաղաքացիները հայտնեցին, որ ոչ թե սառեցվել է փոխանցված գումարը, այլ ամբողջ հաշիվը։

ՍիվիլՆեթը դիմեց Քննչական կոմիտե, որտեղից հաստատեցին տեղեկությունները։ Մասնավորապես, Քննչականից հայտնեցին, որ հարուցվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության հոդվածով։ Այս վարույթի շրջանակում էլ կան սառեցված հաշիվներ։

Ըստ ՔԿ-ի՝ դրանք այն հաշիվներն են, որոնց փոխացումներ են իրականացվել հափշտակված գումարներից։

«Մի խումբ անձինք, օգտվելով բանկի ծրագրային խոցելիությունից, հաշիվների միջև փոխանցումներ անելով՝ կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Այլ մանրամասներ ՔԿ-ից չհաղորդեցին՝ հավելելով, որ դեռևս ընթանում է նախաքննություն։

Գևորգ Թոսունյան

Կիսվել սոց․ ցանցերում