Ամերիկան փրկել է մեզ սովամшհությունից

Ամերիկան փրկել է մեզ սովամահությունից 1918-1920 թթ և մեծ օգնություն տրամադրել 1991 թվականից ի վեր
1919 թվականի սկզբին ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունին մեկնեց Ամերիկա, որպեսզի կազմակերպի ամերիկյան օգնության առաքումը դեպի սովահար Հայաստան:
Անկախության առաջին ինը ամիսներին Հայաստանում սովից ու հիվանդություններից մահացան տասնյակ հազարավոր մարդիկ, հատկապես արևմտահայերը, որոնք փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, սովից գալարվում էին Երևանի փողոցներում:
Եղել է օր, որ Հայաստանում սովից ու տիֆից մահացել է երկու հազար մարդ: Արամ Մանուկյանն էլ զոհ գնաց բծավոր տիֆին 1919թ հունվարի 29-ին:
Երբ ամերիկյան օգնության առաջին մասը հասավ Հայաստան, դա ուղղակի փրկեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր:
Մենք կարող ենք նույնիսկ ասել, որ ԱՄՆ-ն ՀՀ փրկեց սովամահությունից:
Քաջազնունին մեկ տարուց ավելի մնաց ԱՄՆ-ում: Նա այնտեղ իմացավ իր որդու՝ Արամի սպանությունը Զանգիբասարի կռիվներում:
Վարչապետը իր ԱՄՆ այցի մասին մի քանի գրություն է թողել, որոնցից մեկը վերաբերում է իր Արամ որդու զոհվելուն, ահա մի կտոր
«Բայց ինձ չէր վիճակուած վերջին համբոյրը տալու. շա՜տ հեռու էի Երեւանի հանգստարանից – Ամերիկայումն – երբ Արամի անշունչ մարմինը՝ արեան մի փոքրիկ բիծ ճակատին՝ զինուորական պատիւներով յանձնել էին հողին»:
Շատ հուզիչ պատմություն է: Վարչապետը գնացել է Ամերիկայից օգնություն բերելու, Արամ որդին զոհվում է հանուն Հայաստանի:
Էլ չեմ խոսում 1990-ականների ամերիկյան օգնության մասին:
Մենք չպետք է լինենք երախտամոռ ժողովուրդ: Լինեն ամերիկացիները կամ այլ ազգեր, մենք պետք է հիշենք, որ նեղ պահին այլ ազգեր կանգնել են մեր կողքին:

Կիսվել սոց․ ցանցերում