Երևանի և Կոտայքի քրեական ոստիկանները թմրшմիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։

Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։

«Իրացնելով Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը՝ քրեական ոստիկանները Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդուն։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր 24,4 գրամ քաշով։

Բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով։

Հայտնել է նաև, որ նույն օրը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում արդեն իսկ տեղադրել է 22 փաթեթ, որոնք նրա մատնանշած վայրերում քրեական ոստիկանները հայտնաբերել են։

Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում