Սպիտակ տունը ներկայացրել է՝ ինչի վրա է USAID-ը ծախսել ամերիկացի հարկատուների գումարները

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) անպատասխանատու է գտնվել հարկատուների առաջ, քանի որ առանց վերահսկողության հսկայական գումարներ է տրամադրում բյուրոկրատների ծիծաղելի և, շատ դեպքերում, չարամիտ ծրագրերին. այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որում ներկայցված է USAID-ի կողմից հարկատուների գումարների չարաշահման և վատնման մի քանի օրինակ՝

— 1,5 միլիոն դոլար Սերբիայի աշխատավայրերում և բիզնես համայնքներում բազմազանության հավասարությունը և ներառականությունը զարգացնելու համար,

— 70,000 դոլար՝ Իռլանդիայում բազմազանության, հավասարության և ներառականության մյուզիքլի արտադրության համար,

— 2,5 միլիոն դոլար՝ Վիետնամում էլեկտրական մեքենաների համար,

— 47,000 դոլար՝ Կոլումբիայում «տրանսգենդեր օպերայի» համար,

— 32,000 դոլար՝ Պերուում «տրանսգենդեր կոմիքսների» համար,

— 2 միլիոն դոլար՝ Գվատեմալայում սեռի փոփոխությունների և ԼԳԲՏ ակտիվիզմի համար,

— 6 միլիոն դոլար՝ Եգիպտոսում զբոսաշրջության ֆինանսավորման համար,

— Հարյուր հազարավոր դոլարներ շահույթ չհետապնդող կազմակերպության համար, որը կապված է ահաբեկչական կազմակերպությունների հետ,

— միլիոնավոր դոլարներ՝ EcoHealth Alliance-ին, որը ներգրավված էր Ուհանի լաբորատորիայում հետազոտության մեջ

— Հարյուր հազարավոր սննդի փաթեթներ՝ Սիրիայում «Ալ Քաիդա»-ի հետ կապված զինյալների համար,

— Զարգացող երկրներում «անհատականացված» հակաբեղմնավորիչների ֆինանսավորում,

— Հարյուրավոր միլիոնավոր դոլարներ՝ Աֆղանստանում ոռոգման ջրանցքների, գյուղատնտեսական սարքավորումների և նույնիսկ պարարտանյութերի ֆինանսավորման համար, որոնք օգտագործվում են կակաչի աճեցման և հերոինի արտադրության համար՝ հօգուտ թալիբներին։

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ այս ցանկը կարելի է շարունակել, և այդ ամենը տեղի է ունենում տասնամյակներ շարունակ:

«Նախագահ Թրամփի օրոք վատնումը, խարդախությունը և չարաշահումը հիմիկվանից ավարտվում են», — ասված է հաղորդագրության մեջ:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կշարունակի գործել մարդասիրական օգնության համար պատասխանատու կառույցի կարգավիճակով:

Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:

USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության և սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ:

Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), երեկ ասել է, որ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ-ի հարցին, ես մանրամասն ներկայացրել եմ (նախագահին), և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն», — ասել է Մասկը երկուշաբթի վաղ առավոտյան X Spaces-ի հետ զրույցում:

Մասկի խոսքով՝ ինքը «մի քանի անգամ» ճշտել է հարցը Թրամփի հետ, և վերջինս հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր  դոլարների մարդասիրական օգնություն է հատկանցնում և զարգացման ֆինանսավորում տրամադրում:

Կիսվել սոց․ ցանցերում