Տարիների սիրավեպից հետո․ Ռոնալդուն և Ջորջինան պաշտոնապես կամուսնանա

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, պատրաստվում են պաշտոնապես ամուսնանալ։

Բրիտանական հեղինակավոր Daily Mail-ի տեղեկություններով՝ զույգի հարսանեկան արարողությունը կկայանա արդեն առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի հայրենի Մադեյրա կղզում։

Ըստ աղբյուրի՝ պսակադրությունը տեղի կունենա Ֆունշալի Մայր տաճարում, որից հետո նորապսակներն ու նրանց հյուրերը տոնակատարությունը կշարունակեն կղզու հնգաստղանի հյուրանոցներից մեկում։

Նշվում է, որ միջոցառման գաղտնիությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունը նախապես զգուշացրել է մյուս հանգստացողներին, որ ուրբաթ և շաբաթ օրերին համալիրի երկու հարկերն ու մի շարք բարային գոտիներ փակ կլինեն կողմնակի անձանց համար։

Հարսանիքի համար ընտրված վայրը խորհրդանշական նշանակություն ունի․ Ֆունշալը Կրիշտիանու Ռոնալդուի ծննդավայրն է, որտեղ էլ սկսվել է ֆուտբոլային լեգենդի կյանքի ուղին։

Կիսվել սոց․ ցանցերում