Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռпւսամետ դարձավ

Զարմանալի մի օրինաչափություն կա։ ՀՀ բարձր պաշտոնյաները անկախության և ժողովրդավարության նվիրյալ են, եվրաինտեգրման ջատագով։ Բայց երբ պաշտոնաթող են լինում, անմիջապես դառնում են ռուսամետ։ Իսկ երբ ԱԺ ընդդիմության աթոռին են նստում, ապա դառնում սրտխառնոց առաջացնող ռուսամետ։

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» վերտառությամբ ընդարձակ հոդվածում մի քանի անտրամաբանական, դիլետանտական և ապաքաղաքական, նեղ հատվածական դիտարկումներ է անում, որոնք զարմանք են առաջացնում, թե ինչպե՞ս կարող էր մի քանի ամսում այս աստիճան անճանաչելիորեն փոխվել նախկին պաշտոնյան։

Բոլորն էլ հիշում են, թե ինչ համարձակ ելույթներով էր հանդես գալիս Արմեն Գրիգորյանը, պաշտպանում ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը, արտաքին քաղաքական կուրսը։ Իսկ հիմա նա գուժում է, թե Հայաստանը կարող է ինչ-որ Միութենական պետության մաս դառնալ, կորցնել անկախությունը, ժողովրդավարությանը ցտեսություն ասել և այլն։ Եվ դա ԵՄ-ին միանալու օրենքն ընդունելու տրամաբանական հետևանքն է լինելու։

Զարմանալի են պատմական զուգահեռների մակերեսային մեջբերումները։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ 1995-ին, հետխորհրդային երկրները, ներառյալ Ռուսաստանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերության անդամ դարձան, 2000-ից ինտեգրվեցին եվրոպական կառույցներում։ Հայաստանն այս շարքում առանձնանում էր նրանով, որ ի հեճուկս 1994-ի զինադադարի բանակցությունների կողմերի և միջնորդների բազմակողմ պայմանավորվածության, 1995-ի մարտի 16-ի պայմանագրով Գյումրիում տեղակայեց ռուսական ռազմաբազա։ Սրանով է սկսվել անկախությունից հետընթացը, ոչ թե 1997-ի մեծ պայմանագրով, ինչպես թյուրիմացաբար նշում է նախկին ԱԽՔ-ը։ Նույն սխալը կա նաև Սերժ Սարգսյանի հետ կապված օրինակում։ 2010-ին ՌԴ-ն պարտադրեց ՀՀ-ին երկարաձգել ռազմաբազայի պայմանագիրը՝ 25 տարուց հասցնելով 49-ի։ Սա էր շրջադարձը, ոչ թե 2013-ի մութ գիշերով դրված ստորագրությունը։

Յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ ցանկացած պայքարում հնարավոր է դիմադրություն, և նա պատրաստ է դրան։ Երբ մեկին հարվածում է, ապա պատրաստ է հարված ստանալ, երբ հայհոյում է, ապա պատրաստ է պատասխան լսել։ Քաղաքականության մեջ էլ է այդպես։ Երբ անկախության և ժողովրդավարության դրոշ ենք բարձրացնում, ապա ո՞վ չգիտի, որ Կրեմլը կարող է հակադարձել։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք անկախության և ժողովրդավարության դիրքերից, կանխավ ողբանք, որ Մոսկվայի հակագրոհին չենք դիմանալու, հանձնվելու ենք ու կորցնենք անկախությունն էլ, ժողովրդավարությունն էլ։

Ծիծաղելի են նախկին ԱԽՔ-ի կողմից մակերեսային փաստարկները։ Հարկ է Արմեն Գրիգորյանին հիշեցնել, որ ՀՀ-ն այսօր անկախ և ժողովրդավար է ոչ միայն անկախության համար նվիրական պայքարի արդյունքում, այլև Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակի շնորհիվ։ ԵՄ երկրները ՀՀ ինքնիշխան իրավունքների պաշտպանության դիրքում կանգնեցին 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ-ում, երբ ՌԴ-ն, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ու էլի մի քանի մանր չբարեկամներ չճանաչեցին ՀՀ իրավունքները, չդատապարտեցին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան։ Ի վերջո՝ ԵՄ դիտորդներ են կանգնած հայ-ադրբեջանական սահմանին, ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան մեգանախագիծ է, որը օրեր առաջ վավերացվեց առանց հանրային կամ քաղաքական առարկության։ Այսքանի միջով անցնող մարդն ի՞նչ աստիճանի ժխտի իրականությունը, որ Արմեն Գրիգորյանի նման հոդված գրի։

Իսկ ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը նույն բաները չէր ասում, երբ ԱԽ քարտուղար էր։ Ինչո՞ւ չէր գալիս ԱԺ և պատգամավորներին բացատրում, որ այդպիսի օրենք չընդունեն։ Ինչո՞ւ նույն վերնագրով հոդված չէր գրում այն ժամանակ, որ բանից անտեղյակ ՔՊ-ականները հասկանային ռիսկերը և ԵՄ-ին միանալու ջատագովների առաջ դռները փակեին, չընդունեին ԵՄ-ին միանալու գործընթացի մասին օրենքը։ Նիկոլ Փաշինյանի՞ց էր վախենում, թե՞ ԱԽՔ-ի պաշտոնը թույլ չէր տալիս նման սենսացիոն կարծիք հայտնել։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/11/12/215201?fbclid=IwY2xjawVi1cVleHRuA2FlbQIxMQBwZG9mAWJyaWQRMW0zNDhMcmJ3UmxSOWVXcHFzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEfbkHwXTlcfEoZaVR48LBBQ5-xI8-eLS1R2JFx96MbvoD9ULq_zOykhGnbqYU_aem_ywlZaDmzfvcPQnUNBzfyCw

Կիսվել սոց․ ցանցերում