Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետին պատկանող «Ford Transit»-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների հատվածում Չարենցավանի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի հաշվեկշռում հաշվառված, Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Կարեն Հակոբյանի գլխավոորությամբ:

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/02/04/1277715?fbclid=IwY2xjawIPGXJleHRuA2FlbQIxMQABHUg9kE7Le9OjMnhs5RLEJVIzSmhapNNqsErABpAkeiwr1WadpNX_2Lxd-w_aem_FxoYccmB1Gxxqm-tL6vDWA

Կիսվել սոց․ ցանցերում