Նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, ներկայացրել տնտեսական վերջին զարգացումները և իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են արտահանման ռազմավարության տեսլականին, կորպորատիվ կառավարման վերաբերյալ պետական քաղաքականության հիմնադրույթներին, ներդրումների արդյունավետ կառավարմանը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը։ Կողմերը կարևորել են փորձի և գիտելիքների փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական քաղաքականության ձևավորմանը և կառավարման համակարգի ամրապնդմանը։
Պապոյանն Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին ներկայացրել է տնտեսական վերջին զարգացումները
