Եվ դարձյալ գրքերի մասին

Եվ դարձյալ գրքերի մասին։ Հայաստանում, հատկապես վերջին տասը-տասնհինգ տարիներին, հրատարակվում է արժեքավոր թարգմանական գրականություն, լույս են տեսնում Նոբելյան մրցանակի արժանացած հեղինակների գործեր։ Թե այդ գրականությունը որքանով է հասանելի այսօրվա ընթերցողին՝ հրատարակչությունների տնօրենները կիմանան, որոնք պարբերաբար ահազանգում են շատ քիչ վաճառվող տպաքանակների մասին։ Քանի որ մեր հասարակության մեծ մասը գնողունակ չէ, այդ խնդիրը պետք է լուծեն գրադարանները, որոնք այսօր էլ հիմնականում հագեցած են Սովետի ժամանակ լույս տեսած գրքերով, իսկ նոր գրքեր քիչ են գնում՝ դարձյալ գումար չունենալու պատճառաբանությամբ։
Աբովյանը Հայաստանի՝ մեծությամբ չորրորդ քաղաքն է։ Այստեղ համայնքային գրադարանը ժամանակ առ ժամանակ ձեռք է բերում գեղարվեստական, քաղաքագիտական եւ այլ գրականություն, ամենքից՝ մեկական կամ երկուական օրինակ։ Գրքեր գնելիս էլ հաշվի են առնում, թե դրանք որքանով են պահանջված, քանի մարդ կկարդա։ Ընթերցողները, որոնք հիմնականում ուսանողներ են, ստիպված են սպասել, թե երբ իրենց հերթը կհասնի՝ ցանկալի գիրքը ընթերցելու համար։
Կարծում եմ, որ համայնքապետարանները պետք է ավելի շատ գումարներ հատկացնեն իրենց բյուջեից՝ գրքեր գնելու համար, նաեւ՝ հրատարակիչների հետ հանդիպումների միջոցով փորձեն պարզել, թե որ գրքերն են ավելի պահանջված, որոնք պարտադիր ընթերցանության նյութ պետք է լինեն։ Մանկական գրականության մասին էլ պետք է առանձին խոսել, դա այլ թեմա է։
Կիսվել սոց․ ցանցերում