Սպшնություն Հրազդանում. Ի՞նչ է հայտնի այս պահին

Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։

Ոստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։ Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է  քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը 35-ամյա Աղասի Ա․-ն է։

«Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում»,-գրում է աղբյուրը։

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը հայտնում է.

«Փետրվարի 8-ի գիշերը, ժամը 3։00-4:00 ժամանակահատվածում Հրազդան քաղաքում վայրագությամբ սպանել, այնուհետև մեքենայի մեջ դրել ու հասցրել են հիվանդանոցի բակ՝ արցախցի, ծնունդով Ճարտար քաղաքից` Ներսես Աբգարյանին։

Ներսեսն Արցախյան պատերազմների մասնակից է։

Ընկերների պատմելով բնավորությամբ հանգիստ, ընկերասեր, սրտաբաց երիտասարդ էր…
Ներսես Աբգարյանն ընտանիքի հետ Արցախից տարհանվել էր 2023թ. սետեբերի վերջին»։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում