Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Այսպիսով, քաղաքապետարանը նպատակ ունի ավելի վերահսկելի դարձնել մանկապարտեզների գործունեությունը։
Քաղաքապետարանն այս նախաձեռնության մասին հայտնել էր դեռևս 2024 թվականի հուլիսին։ Հաշվի առնելով այդ շրջանում մանկապարտեզներում դաստիարակների և դայակների կողմից երեխաների նկատմամբ բացահայտված բռնության դեպքերը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հայտնել էր, որ տեսախցիկները կտեղադրվեն նախ 50 մանկապարտեզում, այնուհետև բոլոր 162 մանկապարտեզներում:
«50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրելու: Առաջնահերթորեն ընտրվել են արդեն իսկ վերանորոգվածները: Երեխաների առօրյան առցանց հասանելի կլինի միայն պատասխանատուներին: Ծնողները ամենօրյա ռեժիմով դրանք դիտելու հնարավորություն չեն ունենա»,-ասել է Խաչատրյանը:
Տեսախցիկների ձայնագրությունները կունենան որոշակի ժամկետով պահպանելու հնարավորություն, վիճարկելի դեպքերում դիտելու և իրավիճակը պարզաբանելու նկատառումով:
