Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ տեղի ունեցավ լրագրողների, ինֆլյուենսերների և «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները վիճակահանության միջոցով պարզեցին մրցույթի ելույթների հերթականությունը:
«Այս տարի մեր թվով 17-րդ մասնակցությունն է «Եվրատեսիլ »-ին, ընթացքում եղել են և՛ ազգային, և՛ ներքին, և՛ հիբրիդային տարբերակով ընտրություններ: Որոշում կայացվեց այս տարի վերադառնալ «Դեպի Եվրատեսիլ»-ի ձևաչափին, որովհետև շատ էին դիմող արտիստները, ովքեր դեռ շատ հայտնի չեն, բայց տաղանդավոր են: Այս տարբերակը հնարավորություն էր նրանց հարթակ տրամադրելու:
Դատելով մեկնաբանություններից՝ այն երգերը, որոնք հրապարակվել են, չենք սխալվել: Շատ լավ արտիստներ ունենք, հետաքրքիր մրցակցություն է լինելու և նախորդ տարիների համեմատ պայքարը շատ թեժ է լինելու»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

Նրա խոսքով՝ 50-ից ավելի հայտ են ստացել: Հանրային հեռուստատեսության ֆոկուս խումբն ուսումնասիրել է բոլոր հայտերը՝ առաջնային ուշադրություն դարձնելով երգին, քանի որ սա երգի մրցույթ է:
«Փորձել ենք բալանսը պահել, ունենալ կայացած ու հայտնի արտիստներ, միևնույն ժամանակ նոր անուններ: Ժանրային առումով ևս պահպանվել է բազմազանության սկզբունքը: Կան ակտիվ երգեր, բալլադներ, ռոք ու փոփ խմբեր, որպեսզի ժյուրին և հանդիսատեսը ընտրության լայն հնարավորություն ունենան»,- նշեց Դավիթ Ծերունյանը: Ըստ նրա՝ ամսի 16-ի շոուն լինելու է մաքսիմալ գունեղ ու դինամիկ:

«Իսկ հաղթողը կորոշվի ինչպես Եվրատեսիլում՝ քվեարկության արդյունքում, կլինի պրոֆեսիոնալ ժյուրի, ինչպես նաև հեռուստադիտողների քվեարկություն, ինչը շատ կարևոր ու որոշիչ դեր է ունենում: Մարդկանց երբեմն թվում է` 1 sms-ը ոչինչ չի փոխի, բայց կարող է շատ վճռորոշ դեր խաղալ մասնակիցների համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ երեկ կայացած վիճակահանությամբ պարզ դարձավ մասնակիցների ելույթների հերթականությունն, ըստ որի առաջին համարի ներքո հանդես կգա երգիչ Պարգը:
Իսկ, թե ով Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում, պարզ կդառնա փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մասնակցիների հետ հարցազրույցներին հետևեք Tert.am Life-ի լրահոսում:





Հեղինակ՝ Անի Մնացականյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի
