ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia-ի շրջանակում կազմակերպված «World Environment Youth Festival»-ին, որտեղ հանդես է եկել բացման ելույթով և COP17 Armenia համաժողովի մասին ներկայացմամբ։
«Իմ ելույթում ներկայացրեցի Հայաստանի կողմից հյուրընկալվող ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ CBD COP17-ը՝ անդրադառնալով դրա նշանակությանը թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային բնապահպանական օրակարգի համար։
Խոսեցի այն պատասխանատվության մասին, որը մեր երկիրը ստանձնել է՝ ղեկավարելով համաշխարհային կենսաբազմազանության օրակարգի հաջորդ կարևոր փուլը, ինչպես նաև ներկայացրեցի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ ուղղված Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման արագացմանը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը, ներառական համագործակցության խորացմանը և գործնական արդյունքների ապահովմանը։
Ներկայացրի նաև համաժողովի օարակարգը և կառուցվածքը՝ ընդգծելով, որ Blue Zone-ը, որը տեղակայվելու է «Մերիդիան» էքսպո կենտրոնում, կհյուրընկալի պաշտոնական բանակցությունները, բարձր մակարդակի հանդիպումները և պատվիրակությունների աշխատանքը, իսկ Green Zone-ը, որը կգործի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կդառնա հանրության, երիտասարդների, գիտական համայնքի, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համար բաց հարթակ՝ համաժողովի ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսների, քննարկումների, կրթական, մշակութային և նորարարական միջոցառումների միջոցով բնապահպանական օրակարգն առավել հասանելի և ներառական դարձնելու նպատակով։
Առանձնահատուկ կարևորեցի երիտասարդների դերը՝ վստահ լինելով, որ հենց նրանց գաղափարները, գիտելիքն ու նախաձեռնողականությունն են նպաստելու բնության պահպանության և կայուն զարգացման նոր լուծումների ձևավորմանը։
Շնորհակալ եմ Seaside Startup Summit Armenia-ի կազմակերպիչներին՝ բնապահպանական օրակարգին այս տարի առանձնահատուկ տեղ հատկացնելու և երիտասարդների համար նման կարևոր քննարկումների հարթակ ստեղծելու համար։ Վստահ եմ, որ COP17-ի ճանապարհին նման նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն իրազեկվածության բարձրացմանը, այլև ձևավորում են այն սերունդը, որը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն մեր մոլորակի ապագայի համար»,- սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։
