Երևանի ավագանին այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում: Մարտի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արտոնությամբ սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները և նպաստառուները։ Բացի այդ, 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորություններն էլ կդառնան անսահմանափակ: 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից. հանվեց սահմանափակումը: Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները: Փոփոխություն կատարվեց նաև 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու ուղևորության վավերականության ժամկետում՝ 30 օրից այն դարձավ 45 օր: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը:
https://www.facebook.com/YerevanCityHall/posts/1209521487196535?ref=embed_post
