Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշտարակի, Նաիրիի, Ապարանի, Մասիսի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Անիի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիություն՝ 100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հիշեցնենք՝ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ Հայաստանը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որի ակտիվ գոտին մոտենում է տարածաշրջանին։
Արդեն փետրվարի 15-ի կեսօրից հետո մինչև փետրվարի 18-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, ասել է նա:
Սուրենյանը հավելել է, որ փետրվարի 18-ին՝ կեսօրից հետո, Արևմուտքից Հայաստանին է մոտենալու հաջորդ ցիկլոնը, 18-ի ցերեկային ժամերին տեղումներ կդիտվեն հիմնականում հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում։ Փետրվարի 19-ին ցիկլոնը կընդգրկի հանրապետության ողջ տարածքը, տեղումներ կդիտվեն ամենուր, իսկ 20-ին ցիկլոնի ակտիվությունը կմեծանա, և հանրապետության ողջ տարածքում կդիտվեն առատ տեղումներ:
