Ամբոխը չի սիրում անհատականություն

Երևանի ազգային պատկերասրահի հայկական բաժնում կա մի հրաշալի նկար, որը կոչվում է «Ամբոխը և հանճարը»։
Նկարում պատկերված է մի մարդ, ով բռնել է գլուխը և փախչում է, իսկ ամբոխն ընկել է նրա հետևից։ Այս նկարի հետ ինձ ծանոթացրեց հայրս, և այն մեծ տպավորություն թողեց ինձ վրա։
Փոքր տարիքում, երբ հայրիկիս հետ դիտում էինք այդ նկարը, ես նրան հարցրեցի.
— Իսկ ինչո՞ւ են նրան հալածում, և ի՞նչ են ուզում նրանից։
Հայրս քմծիծաղ տվեց և ասաց.
— Ամբոխը չի սիրում, երբ ինչ-որ մեկը մտածում է այլ կերպ, քան իրենք։
Այնուհետև նա շարունակեց.
— Ամբոխին ավելի հեշտ է հանճարին ոչնչացնել, քան նրանից սովորել։
Այդ օրը ես հասկացա, որ քանի դեռ կա ամբոխը, հանճարները միշտ կփախչեն։
Ասեմ, որ ծնվել եմ 1966 թվականին, Երևան քաղաքում։ Մեծացել եմ ոչ հավատացյալների ընտանիքում։ 1988 թվականի երկրաշարժից հետո ընդունեցի Հիսուս Քրիստոսին որպես իմ Տեր և Փրկիչ՝ ավետարանական ընտանիքի եկեղեցում։ Այնտեղ էլ հաստատվեցի և մկրտվեցի։
Առաջին անգամ, երբ սկսեցի կարդալ Ավետարանը, չէի կարողանում կտրվել նրանից։ Հանկարծ այնտեղ նորից հանդիպեցի նույն ամբոխին. այս անգամ նրանք գոռում էին. «Խաչե՛ք նրան, խաչե՛ք նրան»։
Հիշեցի այն նկարը… և հիմա էլ մտածեցի՝ քանի դեռ կա ամբոխը, հանճարները կխաչվեն։
Հետո կարդացի մեծն Րաֆֆու «Ամբոխները» վեպը: Հայ նշանավոր գրողն իր վեպում անդրադարձել է ամբոխի հոգեբանությանը, նրա ազդեցությանը և հասարակության վրա նրա թողած հետևանքներին։
Վեպը քննադատում է կուրորեն հետևող, հեշտ մանիպուլացվող և առանց մտածելու շարժվող ամբոխի վարքագիծը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են զանգվածները դառնալ քաղաքական և սոցիալական ուժերի գործիք։
Այստեղ էլ հասկացա, որ քանի դեռ կա ամբոխը, ազգը կմնա կույր և անկառավարելի։
Հիմա ի՞նչ եմ ուզում ասել։
Ո՞վ է ամբոխի ներկայացուցիչը։ Դա այն մարդն է, ով չունի սեփական կարծիք։ Ամբոխը մարդկանց հավաքականություն է, որը ղեկավարվում է զգացմունքներով, այլ ոչ թե բանականությամբ։ Այն բնորոշվում է մտածողության և վարքագծի միատեսակությամբ, որտեղ անհատական կարծիքը փոխարինվում է խմբային մտայնությամբ։
Ամբոխը չի սիրում անհատականություն, չի ընկալում խոր մտածողությունը և հաճախ առաջնորդվում է վախով կամ կեղծ տեղեկատվությամբ։
Այսպիսով, ամբոխը մարդկային զանգված է, որը առանց սեփական դիրքորոշման հետևում է ասեկոսեներին:
Ես, իհարկե, ինձ հանճար չեմ համարում։ Քավ լիցի։ Պարզապես հիշենք՝ ի՞նչ էր կատարվում Վաշինգտոնում։ Վարչապետի հետ նույն վայրում գտնվելու պատճառով մեծ աղմուկ բարձրացավ։
Իհարկե ես գիտեմ, որ ամբոխը բացի աղմկելուց ուրիշ բան չգիտի:
Ինչու՞ եմ դա կոչում ամբոխ։ Որովհետև այն լրագրողները և մարդիկ, ովքեր այդքան ակտիվ քննարկում են, երբեք ինձ հետ չեն զրուցել, իմ կարծիքը չեն լսել, ինձ չեն ճանաչում, անգամ հինգ րոպե չեն խոսել հետս։ Բայց, չգիտես ինչու, կարծիք ունեն։ Որտեղի՞ց։ Հա՛, պարզ է… երևի հարևանն է պատմել։ Կամ 30 արծաթով մի քանի վաճառվածների են լսել: Կամ էլ…
Էհ՜, Վլադիմիր Վիսոցկին ճիշտ էր երգում. «Толпа как хором махнёт…»
Պարզապես մի խորհուրդ՝
1. Գնացեք մեր պատկերասրահ և հայկական բաժնում նայեք այդ նկարը.
2. Կարդացեք Ավետարանում Քրիստոսի խաչելության պատմությունը.
3. Կարդացեք Րաֆֆու «Ամբոխները» վեպը։
Եվ մտածեք՝ որտե՞ղ եք դուք գտնվում, տիկնայք և պարոնայք։
Այս նյութը կավարտեմ մի պատմությամբ։
2000-ական թվականներն էին։ Հանդիպեցինք մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։ Խոսակցության ընթացքում նա ասաց, որ մենք՝ ավետարանականներս, ամենավտանգավոր մարդիկ ենք։
Հարցրեցի՝ ինչու՞։
Պատասխանն ապշեցուցիչ էր։
Նա ասաց.
— Որովհետև դուք մարդկանց անձ եք դարձնում։ Իսկ անձերին կառավարելը չափազանց դժվար է։
Ասացի.
— Նայեք ԱՄՆ-ին, Գերմանիային, Հոլանդիային, Անգլիային, Շվեդիային, Նորվեգիային և այլ երկրներին։ Մի՞թե վատ է լինել անհատ։
Նա լռեց, ապա ասաց.
— Մենք հայ ենք, մենք…
Հիշե՛ք՝ ամբոխը կոչնչացնի անձերին։
Սիրով՝
Արթուր Սիմոնյան
Կիսվել սոց․ ցանցերում