Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի ունեցած պայթյունից տուժած Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«Այրվածքների մակերեսը բավականին մեծ է, բայց խորը չեն, դրական դինամիկա ունենք։ Արդեն տեղափոխել ենք բաժանմունք, բուժումը շարունակվում է»,- տեղեկացրեց Հ. Հովհաննիսյանը։
Նա նշեց, թե չեն կարող ասել, թե որքան ժամանակ կտևի բուժումը։
«Տեր Գևորգի կյանքին վտանգ չի սպառնում։ Հուսով ենք՝ արտառոց բաներ չեն լինի»,- ընգծեց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրենը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող եկեղեցում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ եկեղեցուն կից շինությունում (20 քմ) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են շինության մուտքի դուռը և պատուհանի ապակիները։
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ եկեղեցու քահանա Գ․ Բ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Տեր Գևորգը նախ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, ապա Երևան՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։