BBC-ի Լոնդոնյան կենտրոնակայանը ենթարկվել է հшրձակման. պատերը ներկել են կարմիր ներկով, կոտրել ապակիները․լուսանկար

Պաղեստինամետ ակտիվիստները կարմիր ներկով են պատել  Լոնդոնում Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) կենտրոնակայանը և ջարդել են ապակիները: Այս քայլով  նրանք մեղադրում են պաղեստինցիների ցեղասպանությանը հանցակից լինելու մեջ, ասվում է Palestine Action կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

«Այսօր Palestine Action-ի ակտիվիստները թիրախավորել են BBC-ի Portland Place կենտրոնական գրասենյակը Լոնդոնում՝ ծածկելով շենքը արյուն հիշեցնող  կարմիր ներկով և ջարդել են ապակիները՝ ի նշան Պաղեստինի ցեղասպանությանը BBC-ի շարունակական հանցակից լինելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Palestine Action-ն ասում է, որ կարմիր ներկը խորհրդանշում է «կորպորացիայի պատասխանատվությունը Գազայում արյունահեղության համար»: Քարոզարշավի մասնակիցները պնդում են, որ BBC-ն հանցակից է «սպիտակեցնելով իսրայելական վայրագությունները» կանխակալ հաղորդագրությունների միջոցով: Նրանք մեղադրում են ընկերությանը «պաղեստինցիների նկատմամբ իսրայելական բռնությունները» նսեմացնելու և «պաղեստինցիների ձայների համար հարթակ» չտրամադրելու մեջ, ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ սա Palestine Action-ի երկրորդ ակցիան էր BBC-ի դեմ։

2023 թվականի վերջին BBC-ն բախվեց քննադատությունների տարափի հետ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուսաբանման ժամանակ կողմնակալության մեղադրանքների ֆոնին: «Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ բրիտանական հեռուստաընկերության լրագրողներն իրենք են մեղադրել երկակի ստանդարտների մեջ՝ ասելով, որ ավելի մեծ ուշադրություն է դարձվել իսրայելցի զոհերին։ BBC-ն հերքել է բոլոր մեղադրանքները։

Կիսվել սոց․ ցանցերում