Թпւրքիայի իշխող կուսակցությունում լուրջ փոփոխություններ են պատրաստվում․ Էրդпղանն ազդանշան է տվել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է փետրվարի 23-ին կայանալիք գլխավոր համագումարին, և ակնկալվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ զգալի ժամանակ կհատկացնի կուսակցության նոր ղեկավարության ձևավորմանը։ Այս մասին հայտնում են Türkiye-ն ու մի շարք այլ թուրքական աղբյուրներ։ Փփոփոխությունների ազդանշանները մեծացրել են ակնկալիքները կուսակցության ներսում: Աղբյուրների համաձայն՝ Էրդողանը ԱԶԿ փոխնախագահ Էֆքան Ալեին հանձնարարել է վերահսկել Կենտրոնական գործադիր խորհրդի (CDEB) նոր անդամների ընտրության գործընթացը։ Նշվում է, որ երկու պաշտոնյաները նախնական ցուցակ են կազմել, որը ներկայացրել են Էրդողանին, որը նաև խորհրդակցում է բարձրաստիճան օգնականների հետ հնարավոր նշանակումների վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ նոր՝ 75 անդամներից բաղկացած CDEB-ը ձևավորվելու է՝ հաշվի առնելով ժողովրդագրական ներկայացվածությունը, տարածաշրջանային հավասարակշռությունը և կանանց ու երիտասարդ քաղաքական գործիչների ներգրավվածությունը: Սպասվում է, որ ցուցակում կընդգրկվեն նաև որոշ փոխնախարարներ և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ։ Կուսակցության աղբյուրները ենթադրում են, որ թեև որոշ վետերան անդամներ կպահպանեն իրենց պաշտոնները, երիտասարդ և կին անդամների թիվը կարող է նկատելի աճել: 2023 թվականի հոկտեմբերին ԱԶԿ-ի արտահերթ համագումարում CDEB-ի 75 անդամներից 49-ը փոխվել են։ Այս անգամ, ըստ աղբյուրների, գործող անդամների առնվազն 60 տոկոսը կարող է փոխվել։ Հաղորդվում է, որ Էրդողանը որոշ փոխնախագահների ասել է, որ նրանք չեն լինի նոր վարչակազմի մաս՝ ակնարկելով նրանց այլընտրանքային դերերը: Փոփոխություններ են սպասվում նաև 18 հոգուց բաղկացած Կենտրոնական գործադիր կոմիտեում որոշ պաշտոնյաներ կվերանշանակվեն այլ պաշտոններում: Հաղորդվում է, որ Էրդողանը այս հարցի շուրջ պաշտոնական որևէ քննարկում չի անցկացրել իր մերձավոր խորհրդականների հետ: Սակայն վերջերս կայացած հանդիպման ժամանակ նա ասել է. «Ես չեմ դիտարկում խորհրդարանից կաբինետի անդամներ նշանակելու հարցը»: Կուսակցական աղբյուրները նշում են, որ այս հայտարարությունը զգալիորեն նվազեցնում է ներկայիս պատգամավորներին նախարարի պաշտոններում նշանակելու հավանականությունը։ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներքին վերակազմավորումը նախատեսվում է սկսել փետրվարի 23-ին, երբ  կորոշվեն առանցքային կուսակցական պաշտոնները։ Սպասվում է, որ նոր ղեկավարության ընտրության հարցում Էրդողանն առաջնահերթությունը կտա այն գործիչներին, որոնք վայելում են հասարակության ուժեղ աջակցությունը, կապվում են քաղաքացիների հետ և ակտիվորեն խրախուսում են կուսակցության քաղաքականությունը։ «Նրանք, ովքեր կարող են կապվել հասարակության հետ շուկաներում և փողոցներում, հակազդել ապատեղեկատվությանը և դիմակայել քաղաքական մարտահրավերներին, հավանաբար կարևոր դերեր կստանան կուսակցության կառուցվածքում»,- ասել են կուսակցության աղբյուրները։ Միաժամանակ, հաղորդվում է, որ Էրդողանը կմնա կուսակցության նախագահի միակ թեկնածուն: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/861261.html?fbclid=IwY2xjawIhBiRleHRuA2FlbQIxMQABHZOxDKwqFqSV_ctlzBYeFyMoLoZNY-G-d-Ite6zWYLf1l2LREXzJFfm3sA_aem_vJmgkxoPNCXKtL-g5ABJvQ

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում