Փետրվարի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում գտնվող, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվողի հայտնաբերման և ոստիկանության բաժին հրավիրելու վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշված է, թե «ոստիկանության բաժին են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ»։
Անդրադառնալով հրապարակմանը, ՆԳՆ-ն հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչների կողմից ոստիկանության բաժին ներխուժելու» վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը։
«Հոդվածում նշված անձը ՌԴ իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ։ Նա ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից փետրվարի 13-ին հրավիրվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժին:
ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների մասին (2015թ. Դուշանբե) կանոնակարգի շրջանակներում ՀՀ գործուղված ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչները գտնվել են ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Մետրոպոլիտենի բաժնում։
Նշված կանոնակարգի 7-րդ գլխի 48-րդ կետի պահպանմամբ՝ ՌԴ իրավապահների ներկայությամբ կատարվել է նշված անձի փաստաթղթավորումը հետախուզման կապակցությամբ և խափանման միջոց ընտրված չլինելու պայմաններում, հետախուզվողն ազատ է արձակվել:
Ներքին գործերի նախարարությունը մշտապես բաց է համագործակցության համար և հորդորում ենք հնարավոր ապատեղեկատվությունը կանխելու նպատակով նախևառաջ տեղեկատվությունը ճշգրտելու և պարզաբանելու համար դիմել Ներքին գործերի նախարարություն»,- ասված է ՆԳՆ պարզաբանման մեջ։
