Փետրվարի 12-ին, ժամը 17.31-ին, հրազենային վնասվածքի վերաբերյալ կանչ է ստացվել շտապօգնություն: Խումբը մեկնել է մայրաքաղաքի Րաֆֆու փողոց, որտեղ հայտնաբերել է 61-ամյա տղամարդու` գլխուղեղի վնասվածքով: Հայտնում են ՆԳՆ-ից:
Ստանալով տեղեկությունը` դեպքի վայր են մեկնում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական ոստիկանության ու Մալաթիայի համայնքային բաժնի ղեկավարներ ու ծառայողներ` օպերատիվ խմբով:
Տուժած տղամարդը Մալաթիայի շուկայում գտնվող արտարժույթի փոխանակման կետի սեփականատերն էր: Նա տալիս է հաղորդում, որ ժամը 17.30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում երկու անծանոթ տղամարդ մոտեցել են իրեն, դեմքին փչել արցունքաբեր գազ, գետնին գցել, հարվածներ հասցրել և ձեռքից հափշտակել երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարադրամի փոխանակման կետի գումարները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացվեցին ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ: Օպերատիվ աշխատանքի և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվեց, որ ավազակային հարձակումը կատարել է օտարերկրյա չորս քաղաքացի, որոնցից մեկը` ազգությամբ հայ:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձինք դեպքի վայր ժամանել են «Հյունդայի Ակցենտ» մակնիշի մեքենայով, որի համարանիշները եղել են փոխված:
Փետրվարի 13-ին Օհանովի փողոցում «Հյունդային» հայտնաբերվեց: Մեքենայի սրահում կային բժշկական դիմակ ու ձեռնոցներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավազակային հարձակում գործած անձինք կրել էին հանցագործության ժամանակ:
Հետագա լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հանցավոր խմբի անդամներից երկուսը հանցագործությունն ավարտին հասցնելուց հետո գնացել են Երևանում նախօրոք վարձակալած տուն և երեկոյան մեկնել են օդանավակայան:
«Տեղեկություններ են ստացվել նաև, որ ավազակային հարձակում կատարած անձանցից երկուսը «Զվարթնոց» օդանավակայանում են և ցանկանում են լքել Հայաստանի տարածքը: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է օդանավակայան: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն անցել է անձնագրային հսկման տարածքը»,-ներկայացնում է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:
Փախուստը կանխել հաջողվեց: Գիշերը, ժամը 4.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
