Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել․ կալանավորվածների թիվն ընդհանուր առմամբ դարձավ 5-ը։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ հրաժարվելով անուն նշելուց։
Նշենք, որ Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը, մասնավորապես, նրանցից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։
Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանություն կատարողներից է, հետախուզում էր հայտարարվել։
Վարույթն իրականացնող մարմինն առայժմ չի հստակեցնում, թե ով է այսօրվա կալանավորված անձը և ինչ մեղադրանքով է կալանավորվել, արդյո՞ք այն անձանցից մեկն է, որին իրավապահները փնտրում էին։ Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ քրեական հետապնդում իրականացվում է 9 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ դատարանը չի փոխել տնային կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցները։
Հիշեցնենք` փետրվարի 5-ին` ժամը 00։40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ. 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին էր, վիրավորը՝ նրա ընկերը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։
