Ի՞նչ է անում ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու համար․ Մանասյանը մանրամասնել է

Փորձ է արվում մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել և հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին:

«Միջազգային գործըներների հետ հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միազգային գործընկերների հիմնական մասով նաև այս ոլորտում է գործունեություն ծավալվում, իրենք խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունն իրականացնում, էթիկայի սկզբունքները նկատի ունենալով՝ ես նպատակահարմար չեմ համարում այս պահին շատ մանրամասներ ներկայացնել դետալների տեսանկյունից»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ չի դիմում Ադրբեջանում իր պաշտոնակցին և գնում անձամբ տեսակցելու Ռուբեն Վարդանյանին, ՄԻՊ-ը պատասխանեց. «Ադրբեջանն արձագանք չի տվել, ինչը ցույց է տալիս այս պետության և կոնկրետ միգուցե պաշտոնատար անձանց ձևաչափը մարդու իրավունքների հարցերին առնչվելու, որովհետև ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար հարցեր են իմ տեսանկյունից, մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր են, և, բնականաբար, դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ամբողջությամբ քաղաքական բնույթից դուրս ապաքաղաքական հաղորդակցություն, և այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը նշված խնդիրներին ես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չեմ համարում: Այդ հաղորդակցության միջոցով հնարավոր էր բազմաթիվ խնդիրներ լուծել»:

Կիսվել սոց․ ցանցերում