Զելեն սկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը հինգշաբթի` փետրվարի 27-ի երեկոյան վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում։

Փետրվարի 28-ին Վաշինգտոնում ծրագրվում է ստորագրել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, որը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աղբյուրը, Վլադիմիր Զելինսկու այցը Վաշինգտոն կսկսվի սենատորների, ապա՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումով։ Հանդիպումը Օվալաձև գրասենյակում նախատեսվում է սկսել Վաշինգտոնի ժամանակով ժամը 11:00-ին (ՀՀ ժամանակով՝ 19:00-ին):

Երկու նախագահների հայտարարությունները լրատվամիջոցներին և համատեղ մամուլի ասուլիսը նախատեսված են 2 ժամ անց:

Մինչ այս պետք է տեղի ունենա հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։

Դրանից հետո Զելենսկին կմեկնի Հադսոնի ինստիտուտ, իսկ երեկոյան Ուկրաինայի տանը կհանդիպի ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ին «հաջողվել է գործարք կնքել», որի արդյունքում Վաշինգտոնը «ապագայում մեծ գումարներ» կստանա Կիևին տրամադրած օգնության համար:

Կիսվել սոց․ ցանցերում