Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 17 տարի անց այդ օրը զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, որն այժմ ապրում է Բելգիայում, այլեւս հույս չունի, որ որեւէ մեկն իր արժանի պատիժը կստանա:
«Ոչ ոք չդատվեց Մարտի 1-ի ոճրագործության համար, յոթ տարվա մեջ ոչ մի հարց չլուծվեց: Երբեք չէի պատկերացնի, որ հեղափոխությունից հետո նման արդյունք կունենանք: Շատ հուսահատված եմ: Կարծում եմ` այսօրվա իշխանությունն է մեղավոր, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը մեծ-մեծ խոսում են, թե ցուցարարներն էին զինված: Իշխանությունները չկարողացան, թե չցանկացան Մարտի 1-ի գործը հասցնել ավարտին եւ արդարադատություն իրականացնել: Իրենց` ոչինչ չասող հայտարարությունները չեմ լսում Մարտի 1-ի մասին, հույս չեմ փայփայում, թե որեւէ մեկն իր արժանի պատիժը կստանա»,- lragrogh.com-ի հետ զրույցում ասաց Ալլա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բռնի ուժով ցրեց ՀՀ նախագահի կեղծիքներով եւ բռնություններով անցած ընտրությունների դեմ տասն օր շարունակ բողոքի ցույց անող քաղաքացիներին, իսկ հետո հրամանագիր ստորագրեց «Արտակարգ դրության մասին»:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի ոճրագործության զոհ դարձան Տիգրան Աբգարյանը, Գրիգոր Գեւորգյանը, Համլետ Թադեւոսյանը, Տիգրան Խաչատրյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը: Հարյուրի հասնող ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչներ եւ ակտիվսիտներ իշխանությունների պատվերով հարուցած շինծու գործերով հայտնվեցին անազատության մեջ: Միայն ակտիվ քաղաքացիների պայքարի եւ եվրոպական կառույցների ճնշման արդյունքում նրանք ազատ արձակվեցին:
