Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման հարցում nւժային տարբերակն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն «Վերելք»-ի խնդրանքով մեկնաբանել է հնդկական ԶԼՄ-ներում արված հրապարակումն այն մասին, թե Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար: Ըստ հնդկական ԶԼՄ-ների՝ այդ մասին ասված է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերում:

Նշենք՝ հնդկական լրատվամիջոցը հրապարակել է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության (GUR) գաղտնի փաստաթղթերը և ըստ հրապարակման՝ Կիևի ծրագրում է դա օգտագործել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում:

«Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման համար՝ հիմնվելով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների վրա։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ զբաղվող մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունները, այդ թվում՝ երկրների ինքնիշխանության և իրավասության ապահովման հարցը իրենց տարածքներով անցնող երթուղիների նկատմամբ։

Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում։

Ինչ վերաբերում է հնդկական լրատվամիջոցներին հղումով ձեր հարցում նշված «պլանին», ապա մենք դա համարում ենք Կիևի ռեժիմի ապակառուցողական գործողությունների հերթական դրսևորում, որը նման կեղծիքի օգնությամբ փորձում է արհեստականորեն դժվարություններ ստեղծել Ռուսաստանի համար Անդրկովկասում մեր հարևանների հետ հարաբերություններում և միևնույն ժամանակ շեղել օտար հանրության ուշադրությունը Ուկրաինայի Զինված ուժերի իրական խնդիրներից»,- մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ից:

Կիսվել սոց․ ցանցերում