Ռուսաստանում նավթի մշակման փաստացի կարողությունների ավելի քան 30%-ը շարքից հանվել է նավթամշակման գործարաններին հասցված ուկրաինական հարվածների հետևանքով:
Ինչպես հաղորդում է Financial Times-ը, պարբերականը նման եզրահանգման է եկել S&P Global Energy-ի տվյալների և ռուսական նավթամշակման գործարանների արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա:
Թերթի տվյալներով՝ ուկրաինական հարձակումները շարքից հանել են Ռուսաստանում նավթի մշակման փաստացի կարողությունների ավելի քան 30%-ը և անվանական կարողությունների ավելի քան 45%-ը:
Նշվում է, որ վնասված ձեռնարկություններում վերականգնողական աշխատանքները դանդաղ են ընթանում, ինչի պատճառով հարվածների հետևանքները պահպանվում են մի քանի շաբաթ, իսկ առանձին դեպքերում՝ ամիսներ շարունակ:
Financial Times-ի վերլուծությունը ցույց է տվել, որ հետազոտության պահին Կիրիշիի, Տուապսեի, Սամարայի և Սիզրանի նավթամշակման գործարանները նավթի մշակում չեն իրականացրել: Փորձագետների գնահատմամբ՝ նույնիսկ աշխատանքի վերսկսումից հետո այդ ձեռնարկություններից ավելի քան մեկ տարի կպահանջվի արտադրության նախկին մակարդակին հասնելու համար:
Պարբերականը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ 2026 թվականի սկզբից ի վեր ռուսական ՆՄԳ-ները Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից ենթարկվել են առնվազն 194 հարվածի: Դա 11 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
