«Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ պետք է ամեն ինչ անել, որ էսկալացիայի առիթ ու պատճառ չլինի։ Ըստ Ա.Սիմոնյանի, ՀՀ-ն որևէ տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին ու համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողականորեն շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ:
«Իրադարձությունները շատ արագ են զարգանում, և կարող է մոտ օրերս շատ հետաքրքիր զարգացումներ լինեն, չես կարող ասել»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի պահանջին՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները մինչև Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք, էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»։
«Մոռանում եք, որ 150-ից ավելի գերի է եղել, մենք այդ մարդկանց բանակցությունների, տարբեր միջնորդների միջոցով հետ ենք բերել։
Եթե մեզ մեղադրում են, ապա ինչպե՞ս 152 գերուց դարձավ 23։
Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք», փորձը ցույց է տալիս, որ գործընթացը շարունակվում է և մեզ համար առաջնային է։
Եթե տեսանելի քայլեր անենք, հնարավոր է գերիները երբևիցե չվերադառնան:
Կարծում եմ՝ այս փուլում շատ դժվար է լինելու վերադարձնել, բայց չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվելու»։
Ա. Սիմոնյանն ասաց, որ Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ չկա, նրանք մեր հայրենակիցներն են, նրանց վերադարձի հետ կապված բոլոր քայլերն արվել են, արվելու են։
Նա նաև նշեց. «Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է։ Դա որևէ բան չի փոխում, մեր հայրենակիցն է»։
