Թրшմփի հատուկ բանագնացի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո»-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանագնացը պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը:

Թրամփը երեկ ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Թրամփին կոչ էր արել կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան չաջակցի Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպման ժամանակ համաձայնեցված 30-օրյա հրադադարին։

Վաշինգտոնը, Կիևը և Եվրոպան սպասում են Մոսկվայի պատասխանին հրադադարի առաջարկին, և ակնկալվում է, որ ԱՄՆ բանագնացները մինչև շաբաթվա վերջ բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը հրապարակայնորեն չի ասել՝ աջակցում է կրակի անհապաղ դադարեցմանը, թե ոչ:

Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ «դրական ուղերձներ» է ստացել հրադադարի վերաբերյալ, սակայն «դրական ուղերձը ոչինչ չի նշանակում»։ Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթվա վերջին կլինի Մոսկվայում:

«Այժմ քայլը Ռուսաստանին է: Մեր մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան: Եվ հուսանք, որ մենք կարող ենք հրադադար ստանալ Ռուսաստանից», — ասել է Թրամփը:

Թրամփը ուղղակիորեն չի խոստացել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինը չստորագրի համաձայնագիրը, բայց ասել է, որ կարող է «ֆինանսապես անել այնպիսի բաներ, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար»:

«Ես չեմ ուզում դա անել, քանի որ ուզում եմ խաղաղության հասնել», — ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Կիսվել սոց․ ցանցերում