Այսօր՝ մարտի 14-ի առավոտյան ուկրաինական անօդաչուները մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ են գրոհել Մոսկվան։
«ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերով հետ է մղվել չորս անօդաչուների գրոհը: …Ընկած բեկորների վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Մոսկվան գրոհած անօդաչուներից մեկը ընկել է քաղաքի արևմուտքում գտնվող բազմահարկ բնակելի շենքի տանիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն էլ հայտնել է, որ այսօր առավոտյան տարածաշրջանում խոցվել է երեք անօդաչու՝ բոլորը Բալաշիխայում։ «Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Ընկած ԱԹՍ-ների վայրերում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,- նշել է Վորոբյովը։
Այս անգամ Մոսկվայի վրա գրոհն իրականացվել է ինքնաշեն դրոններով, «Shot»-ին հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ բեկորների նախնական զննության ժամանակ մասնագետները եկել են այն եզրակացության, որ դրոնները հավաքվել են այլ անօդաչուների մի քանի մասերից։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են անօդաչուների զանգվածային գրոհի, որի հետևանքով երեք մարդ զոհվել է, մոտ 20-ը վիրավորվել։