«Երեխաները երկրի բնական ծաղիկներն են, իսկ այդ ծաղիկներն, առաջին հերթին, աճեցնում են ընտանիքում ծնողները»,- այդպես է արտահայտել իր միտքը Ա. Մ. Գորկին:
Ընտանիքում է դրվում երեխայի զարգացման հիմքը: Ներկայումս ծնող-երեխա փոխհարաբերությունների հիմնախնդիրը կրում է երկակի դրսեւորում: Մի կողմից` դեռահասության տարիքում ծնողների հետ հուզական շփման պահանջմունքը գնալով ավելի ուժեղանում է. դեռահասը ծնողների հետ հաղորդակցվելու մեծ անհրաժեշտություն է զգում, մյուս կողմից` ծնողները հետ են ընկնում իրենց երեխայի զարգացման տեմպերից: Հենց այդ ժամանակ էլ արթնանում է դեռահասի ինքնուրույնության ձգտումը: Դժվար է պատկերացնել ներքին և արտաքին փաստերի այն քանակը, որոնք ազդում են աճող սերնդի վրա և ամեն անգամ փոխում նրա ներաշխարհը: Մեր օրերում շատացել է նյութապես անապահով, ծնողազուրկ ընտանիքների քանակը, որոնք էլ անպայման ազդում են երեխայի զարգացման վրա:
Երեխայի դաստիարակությունը մեր կյանքի կարեւոր մասն է կազմում: Ցանկացած ծնող, հենվելով սեփական փորձի և գիտելիքների վրա, փորձում է չկրկնել ուրիշների սխալները և որքան հնարավոր է ճիշտ դաստիարակել իր երեխաներին: Ընտանիքի դերն ու նշանակությունը երեխայի կյանքում անհամեմատ մեծ են: Ոչ լիարժեք ընտանիքների երեխաների մոտ հաճախ դիտվում է ինքնուրույնության և շրջապատում ինքնահաստատվելու բարձր ձգտումը:
Հոգեբանները տարբերում են մի քանի տիպի ընտանիքներ: Գոյություն ունեն լիարժեք ընտանիքներ, բայց դեստրուկտիվ, որտեղ չկա համաձայնություն, և տիրում են մշտական վեճեր: Անբարենպաստ ընտանիքն առաջին հերթին այն է, որտեղ գոյություն ունեն դաստիարակության դեֆեկտներ, չնայած սա այս տիպի ընտանիքի միակ բնութագիրը չէ: Ինչպիսի դաստիարակության դեֆեկտներ են ավելի հաճախ հանդիպում:
Երեխային չեն սիրում, դա հաճախ ցույց են տալիս, և նա այդ դաժան իրականությանը տարբեր ձևով է արձագանքում` դառնում է ինքնամփոփ, ընկնում է երազանքների և անուրջների աշխարհը, փորձում է իր վրա ուշադրություն գրավել և այլն…
Մեկ ուրիշ ձևը դաստիարակության` գերխնամակալությունն է: Երեխային թույլ չեն տալիս ցուցաբերել նախաձեռնություն, ինքնուրույնություն, վճռականություն: Նման երեխաները դառնում են պասիվ: Որոշ ընտանիքներում երեխաներին դաստիարակում են չոր ու կոպիտ ձևերով, եւ հետագայում նրանք տառապում են տարբեր հոգեկան հիվանդություններով:
Շատ տարածված է հակասող դաստիարակությունը. մի տատիկն ասում է մի բան, մյուսը` մեկ ուրիշ, ծնողները, իրենց հերթին, այլ պահանջներ են ներկայացնում երեխային:
Երեխայի համար անբարենպաստ ընտանիքը հակասոցիալական ընտանիքի հոմանիշը չէ: Մի երեխայի համար ընտանիքը կարող է լինել լավ, մյուսի համար` անբարենպաստ և կարող է պատճառ դառնալ ծանր հոգեկան ապրումների: Ընտանիքը կարող է լինել լիարժեք, բայց դաստիարակությունը` հակասող, ճնշող, խիստ պայմաններով: Երբեմն ոչ լիարժեք ընտանիքն ավելի օգտակար է երեխայի համար, քան լիարժեքը, բայց անբարենպաստ (հայրը հարբեցող է կամ նմանատիպ վիճակներ…):
Հանդիպում են արտաքնապես լավ հարաբերություններով ընտանիքներ, սակայն ծնողներն իրենց զբաղվածության պատճառով քիչ ժամանակ են հատկացնում երեխային, ինչն էլ կարող է փոքրիկի փխրուն հոգում վատ հետևանքներ առաջացնել:
Դաստիարակության արատներն անբարենպաստ ընտանիքի առաջնային և գլխավոր ցուցանիշներն են: Ոչ նյութականը, ոչ հոգևորը չեն բնութագրում բարենպաստ կամ անբարենպաստ ընտանիքը, այլ միայն երեխայի նկատմամբ վերաբերմունքը: Երբեմն հարց է ծագում. արդյոք հոգեկան հիվանդություններով տառապող երեխաները հանդիպում են միայն անապահո՞վ ընտանիքներում: Իհարկե` ոչ:
Լինում են անբարենպաստ ընտանիքներ, բայց առողջ երեխաներ և հակառակը: Ամեն ինչ լինում է կյանքում, սակայն պետք է հիշել հետևյալը. անբարենպաստ ընտանիքն առաջացնում է երեխայի հոգեկան զարգացման խոչընդոտներ: Այսինքն, ոչ թե ինտելեկտի խանգարման, այլ հուզակամային ոլորտի, անձի բնավորության: Իսկ ինչպիսին բնավորությունն է, այնպիսին են տվյալ անձի փոխհարաբերություններն այլ մարդկանց հետ, այնպիսին է նաև նրա երջանկությունը: Անբարենպաստ գործոններից մեկը, որը փլուզում է ոչ միայն ընտանիքը, այլև երեխայի հոգեկան հավասարակշռությունը, հանդիսանում է ծնողների հարբեցողությունը: Այդ պատճառով երեխան ձեռք է բերում վատ վարքագիծ, դժվար է դաստիարակվում, զրկվում է ծնողներից եւ հայտնվում մանկատանը:
Երեխան, հատկապես դեռահասը, ձգտում է բավարարել իր սեփական պահանջմունքները, ինքնուրույն դառնալ, ինքնահաստատվել: Հաճախ սա առաջացնում է երեխայի եւ ծնողների միջև կոնֆլիկտային իրավիճակ: Աղքատությունը, ագրեսիվությունը, միակողմանի ծնողազրկությունը, որպես օրենք, միաձուլվում են: Այս ամենը պղտորում է աճող սերնդի հոգին. ծեծի ենթարկված երեխաները հաճախ, մեծանալով, դառնում են սադիստներ: Այդ իսկ պատճառով ծնողները պետք է լուրջ եւ ժամանակին մտածեն զավակի ապագայի մասին, որովհետեւ հետագայում նման երեխաներին ոչ ոք` ոչ մի ծնող, ոչ մի ուսուցիչ չի կարող օգնել:
Երբ խոսք է գնում այս կամ այն երեխայի մասին, առաջին հերթին մեզ հետաքրքրում է այն, թե ինչ ընտանիքից է նա, ինչպիսի դաստիարակություն է ստացել, ովքեր են նրա ծնողները: Եթե նրա վարքը գովասանքի է արժանանում, ապա պարզ է դառնում, որ տվյալ անձը դաստիարակվել է լիարժեք, բարենպաստ ընտանիքում: Բարենպաստ ընտանիքը նպաստում է դրական մթնոլորտի, դրական հետաքրքրությունների, դիրքորոշումների, տրամադրության ու համերաշխության ստեղծմանը: Անբարենպաստն իր մեջ ներառում է շփման, վերաբերմունքի ցուցանիշներ, որոնք դրական ուղղվածություն չունեն կամ ախտահարված են, եւ այն նպաստում է անձի սխալ կայացմանը:
Անբարենպաստ ընտանիքների ծնողների զգալի մասը չի կարողանում կազմակերպել ընտանեկան կյանքը, չգիտի ճիշտ մոտեցումներ երեխաների նկատմամբ. երբ բավարարում են երեխաների բոլոր ընդունելի և ոչ ընդունելի պահանջմունքները, չեն զգում, որ դաստիարակում են եսասեր, եսամոլ, չար, անտարբեր մարդու: Հանդիպում են սառը հոգեբանական մթնոլորտով ընտանիքներ, որտեղ ծնողների սառը հարաբերությունները պայմանավորվում են բազմաթիվ գործոններով. նրանց միջև չկա սեր, հարգանք, արտաքնապես միմյանց նկատմամբ դրսևորում են ջերմ մոտեցումներ, իսկ ներքուստ` այլ: Նման մթնոլորտում երեխաներն ավելի զգայունակ են դառնում, զգում են ծնողների աններդաշնակությունը, որի արդյունքում նրանց մոտ աստիճանաբար առաջանում է սառը վերաբերմունք իրենց իսկ ծնողների նկատմամբ:
