Նորմալ գրաֆիկով երկուշաբթի սպասում ենք Երևան-Կապան չվերթի. Սանոսյան

ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում հանձնարարություն տրվեց ուսումնասիրելու Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցը: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ մասով: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարարից հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կան արված, նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք:

«Աշխատանքները բաժանել ենք երկու մասի. առաջին հերթին՝ թռիչքուղին կարգի բերել, համապատասխանեցնել որոշակի ստանդարտների, որպեսզի կարողանա ծառայել թռիչքների համար: Ինչպես նաև, կարծում եմ՝ տեղյակ եք, որ Կապանի օդանավակայանը ռեզերվային այլ հարևան կամ հարակից օդանավակայան չունի, և մենք, լինում են դեպքեր (արդեն 4 նման դեպք ունենք), երբ Կապանի չվերթերը չեղարկում ենք: Կամ դեպք ենք ունեցել, երբ Սյունիքից վերադառնում է Երևան (ինքնաթիռը  -խմբ.), որովհետև այլ տեղ չունի, եթե անբարենպաստ եղանակային պայմաններ են: Այսինքն՝ Գորիսի օդանավակայանը կարող է այդ նպատակին ծառայել, և Կապանում եղանակային պայմանների դեպքում որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել»,- ասաց Սանոսյանը:

Նախարարը նաև հավելեց, որ այդ մասով վարչապետի հանձնարարականն է ոչ միայն ռեզերվային օդանավակայան ունենալ, այլև ծածկույթը, ասֆալտը, շենք-շինությունները բերել տեսքի և շահագործել այն որպես օդանավակայան:

«Հիմա այդ ուղղությամբ որոշակի տեխնիկական փաստաթղթերի ֆինանսական գնահատականի մշակման փուլում ենք: Մոտ օրերս նորից աշխատանքային խումբ է գործուղվելու»,- ասաց Սանոսյանը:

Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ինտենսիվությամբ են գործում Կապան-Երևան թռիչքները:

«Հիմա կանոնավոր չվերթեր ունենք. դրանք երկուշաբթի և ուրբաթ օրերին են: Երկուշաբթի գնում-վերադառնում է, և ուրբաթ է գնում-վերադառնում: Հիմա ժամերն ենք փոխել, բայց օրերը նույնն են: Մենք արդեն 4 անգամ՝ եղանակային պայմաններով պայմանավորված, խնդիրներ ենք ունեցել»,- ասաց նա:

Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ այժմ նավիգացիոն ոլորտում սարքավորումների տեղադրման կարիք կա, և որ դրանք գնման գործընթացում են, ինչն ավելի կհեշտացնի չվերթերի սպասարկումը:

«Միակ խնդիրը, որ առաջանում է, եղանակային պայմաններն են: Բայց նման խնդիր եղել է նույն Սովետական Միության տարիներին, երբ բավականին ծանրաբեռնված աշխատել է, բայց եղանակային պայմանների պարագայում նորից նման հարցեր եղել են: Հիմա նորմալ գրաֆիկով երկուշաբթի սպասում ենք չվերթի»,- ասաց նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում