Կիևը երեք անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Կուբանում գտնվող էներգետիկ օբյեկտի վրա՝ անտեսելով այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Այս տարվա մարտի 19-ի գիշերը՝ ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց, այդ թվում՝ ՌԴ նախագահի՝ ԱՄՆ նախագահի առաջարկով ընդունված որոշումից՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ժամանակավոր դադարեցման մասին, Կիևի ռեժիմը երեք անօդաչու թռչող սարքի միջոցով կանխամտածված հարձակում է իրականացրել Կավկազսկայա գյուղում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա», — հայտնել են գերատեսչությունից։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ Պուտինի զրույցից հետո ՌԴ Զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային օբյեկտներին և 150 անօդաչու թռչող սարք են արձակել:
«Պուտինի խոսքերը հակասում են իրականությանը», — ասել է նա:
Նախօրեին հաղորդվել էր, որ Պուտինը համաձայնել է ՌԴ և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին և համապատասխան հրաման տվել զինվորականներին։
