ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մարտի 20-ին հրամանագիր ստորագրել, որով կսկսվի կրթության նախարարության փակման գործընթացը։
Այս մասին հայտնում է USA Today թերթը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը։
Ակնկալվում է, որ Թրամփը հրամանը կստորագրի Սպիտակ տան արարողության ժամանակ, որին կմասնակցեն հանրապետական մի քանի նահանգապետեր և կրթության հանձնակատարներ:
Նոր հրամանով՝ Թրամփը կրթության նախարար Լինդա Մաքմեհոնին կհանձնարարի ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ քայլերը»՝ հեշտացնելու գերաստեսչության փակումը և «նահանգներին վերադարձնել կրթական լիազորությունները»:
Իր կարգադրությամբ Թրամփը նաև կոչ է անում «ապահովել այն ծառայությունների, ծրագրերի և առավելությունների շարունակական տրամադրումը, որոնց վրա հենվում են ամերիկացիները»:
Միաժամանակ, նախարարությունը փակելու համար Թրամփը պետք է ապահովի ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը, գրում է Reuters-ը։
Հանրապետականներն ունեն 53 տեղ 100 տեղանոց Սենատում, սակայն 60 ձայն է անհրաժեշտ ԿՆ-ի վերացման նպաստակով օրենսդրություն ընդունելու համար, ինչը նշանակում է, որ նրանց անհրաժեշտ է յոթ դեմոկրատների աջակցությունը:
Ըստ լրատվամիջոցների, Սենատի դեմոկրատները դժվար թե աջակցեն կրթության նախարարության լուծարմանը։
Կրթության նախարարության փակումը Դոնալդ Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն է. նա բազմիցս գերատեսչության աշխատանքն անվանել է «մեծ խարդախություն»:
Հունվարին Թրամփի պաշտոնը ստանձնելուց ի վեր, գերատեսչությունը կրճատել է իր աշխատուժը գրեթե կիսով չափ՝ 4,133-ից հասնելով 2,183-ի: Մոտ 20 նահանգների գլխավոր դատախազները մարտի սկզբին հայց էին ներկայացրել դատարան՝ փորձելով արգելափակել Թրամփի կողմից գերատեսչության կազմաքանդումը և անձնակազմի կրճատումները:
