Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում

Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը:

Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: Բնության ամենից հրաշալի երևույթը` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի…: Մարդն ընկավ մահվան ու ապականության լծի տակ:

Ու թեև Քրիստոսի փրկագործությամբ և Մկրտության սուրբ Խորհրդով մարդը ձերբազատվում է սկզբնական մեղքից և որդեգրվում Աստծուն, սակայն մարդու մեղանչական բնությունը չի փոխվում. մարդն իր ազատ կամքով ընտրում է կա՛մ բարին, կա՛մ չարը: Ուստի հաճախ է ընկնում սատանայի որոգայթները` գործելով Աստծուն անհաճո արարքներ, ապրելով մեղսալից ու անօրեն կյանքով, իսկ մեղքի հետևանքը, ինչպես արդեն ասվեց, ցավն ու տառապանքն է: Ուստի այս աշխարհում ապրող մարդը չի կարող խուսափել ցավից ու տառապանքից, չի կարող զերծ մնալ հիվանդություններից, որովհետև այլևս մահկանացու է և դյուրասահ դեպի մեղքը:

Մարդը կարող է տառապել տարբեր պատճառներով` հանկարծահաս դժբախտության, անբուժելի հիվանդության, հարազատի անժամանակ մահվան, ծնողների անհաշտության կամ հենց իր անհաջող ամուսնության և զանազան այլ պատճառներով: Նման իրավիճակներում մարդը հաճախ է կորցնում ինքնատիրապետումը` անմտորեն մեղադրելով իրեն կյանք շնորհող Աստծուն:

https://168.am/2025/01/28/2158900.html

Կիսվել սոց․ ցանցերում