Մпսկվայում բռնկվել ու այրվել է ՌԴ նախագահին սպասարկող կառավարական լիմուզինը

Մարտի լույս 29-ի գիշերը Baza Telegram ալիքը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել Aurus Senat ավտոմեքենայում։

Հրապարակման մեջ ասվում էր. «Նախնական տվյալներով՝ մեքենան պատկանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի գույքի կառավարման վարչությանը»։

Հաղորդվել է, որ մեքենան գրեթե ամբողջությամբ այրվել է։

Այրված Aurus մոդելի արժեքը կազմում է մինչև 29 մլն ռուբլի (մոտ $350 հազ.), տուժածների մասին որևէ տեղեկություն չկա:

Ռուսական պետական լրատվական գործակալությունները չեն հաղորդել միջադեպի մասին, մինչդեռ կառավարական մեքենայի հրդեհաշիջման աշխատանքների կադրերը տարածվել են համացանցում:

Մարտի 29-ի առավոտյան բրիտանական The Sun լրատվականը ևս հոդված է հրապարակել՝ վերնագրելով այն «Ռուսական վախերը»։ Հրապարակման մեջ ասվում է, որ Պուտինի «պաշտոնական ավտոպարկից» Aurus լիմուզինը պայթել է Մոսկվայի ԱԴԾ գաղտնի ծառայության շենքի հյուսիսում՝ Լուբյանկայի փողոցում։ Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այնուհետև հրամայել է խուզարկել անգամ տարածքով անցնող կոյուղագծերը և իր անվտանգության աշխատակիցներին:

Ավելի ուշ սերբական «Kurir» հրատարակությունը նույն դեպքի մասին հաղորդում է հրապարակել՝ «Պուտինի լիմուզինը պայթել է Մոսկվայում» վերնագրով։

Ուկրաինական բազմաթիվ հասարակական խմբեր սկսել են աղաղակել Պուտինի դեմ մահափորձի մասին և թե «Կրեմլում խուճապ է»։

Որոշ հրապարակումներ նշում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարություններն այն մասին, թե Պուտինը «շուտով կմահանա»։ Վերջինս այս մասին ասել էր՝ նշելով, թե Պուտինը պատկառելի տարիք ունի, չի բացառվում, որ առաջիկայում կմահանա:

Aurus Senat մեքենաներն օգտագործվում են նախագահ Պուտինի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի գործադիր գրասենյակի կողմից: Aurus Senat զրահապատ լիմուզինը Ռուսաստանի նախագահի և վարչապետի գլխավոր ծառայողական մեքենան է։

Այս մեքենան առաջին անգամ ներկայացվել է 2018 թվականին՝ Պուտինի երդմնակալության ժամանակ։ 2020 թվականի սեպտեմբերից Aurus Senat-ն օգտագործվում է պաշտոնական միջոցառումներում Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից: 2024 թվականին Պուտինը նման լիմուզին է նվիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Կիսվել սոց․ ցանցերում