Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը 2023 թվականի սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի 12 շրջանում՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին:

Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:

«Մինչ ընտրությունների օրը պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային կառավարման նախարարության և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ:

Նախատեսված ենհանդիպումներ տեղական և միջազգային ՀԿ-ների և մամուլի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը մտքեր կփոխանակի ընտրություններում առաջադրված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ:

Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմ պատահականության սկզբունքով կտեղակայվի Երևանի բոլոր 12 շրջաններում՝ ընտրատեղամասերում ընտրական ընթացակարգերին հետևելու համար:

Նախնական եզրակացություններով հայտարարությունը պատվիրակության ղեկավարը կհրապարակի Կոնգրեսի կայքում 2023 թվականի սեպտեմբերի 18-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում