Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխությունների համաձայն՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների մուտքի համար նոր կարգավորումներ են սահմանվելու։ Մասնավորապես, նախատեսվում է, որ հունիսի 30-ից այդ երկրների քաղաքացիները նույնականացման ու վավերացման միասնական համակարգում պետք է անցնեն գրանցման ընթացակարգ:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փորձագետ Տաթևիկ Բեժանյանը՝ մանրամասնելով, որ գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID։
Քաղաքացին պարտավոր է լինելու՝ անկախ Ռուսաստան մեկնելու նպատակից, մեկնելուց ոչ ուշ քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ քան 4 ժամ առաջ այդ հավելվածի միջոցով տեղյակ պահել երկիր մուտք գործելու ժամկետների մասին: Բջջային հավելվածում անձն իր համար բացելու է էջ, որտեղ լրացնելու է իր տվյալները և դիմում է ներկայացնելու այն մասին, որ պատրաստվում է 72 ժամ հետո մուտք գործել Ռուսաստան:
Դիմում ներկայացնելուց հետո ՌԴ պատկան մարմինների կողմից ստուգվելու են քաղաքացու տվյալները, և եթե նրա մուտքը թույլատրվի, ապա նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Բոլոր ոչ վիզային, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները, որոնք նախատեսում են մուտք գործել ՌԴ, հունիսի 30-ից պարտավոր են լինելու 72 ժամ առաջ տեղեկացնել դրա մասին։
Սրանցից զատ, ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորում, որով բոլոր միգրանտների երեխաների համար պարտադիր է դառնում ռուսերեն լեզվի իմացությունը ստուգելու նպատակով թեստ հանձնելը, եթե նրանք պատրաստվում են դպրոց հաճախել։
Մինչև 2025 թվականի ապրիլի 1-ն իրավունք էր տրված բոլոր այն օտարերկրացիներին, որոնք ունեին բնակվելու իրավունք և կացության կարգավիճակ կամ երկքաղաքացի էին, պարզեցված կարգով փոխեին իրենց ազգային, իրենց պետության վարորդական վկայականները ՌԴ վարորդական վկայականով՝ առանց քննություն հանձնելու։ Ապրիլի 1-ից այդ կարգը չի գործելու։ ՌԴ վարորդական իրավունք ձեռք բերելու համար պետք է պարտադիր քննություն հանձնել։ Այս հիմքով խախտումը արտաքսման պատճառ կարող է դառնալ։
