Ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանն իր անձնական արխիվն է հանձնել Հայաստանի ազգային գրադարանին: Այդ առթիվ ապրիլի 2-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ շնորհանդես: Դընի Դոնիկյանի հետ նրա ընթերցողների հեռակա հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ:
—Արգենտինայում բնակվող գրող Աննա Արզումանյանը հարցնում է, արդյո՞ք հողի և լեզվի միջև ինձ մոտ կապ կա:
-Իմ առաջին ժողովածուում, որը վերնագրված է Աններդաշնակություններ / Տարաձայնություններ (որ դառնալուէր ETHNOS եռահատոր գրքերից առաջինը), հողը ներկայանում է որպես առասպելական վայր, որը շաղկապվում է ցեղասպանության հարցի հետ։ Հիշում եմ, որ 1966-1967 թվականներին այդ բանաստեղծությունները գրելիս, ինչպիսի արտակարգ խանդավառություն էի ապրում։ Երկրորդ հատորը, վերնագրված՝ Ընդհանուր վայր, արձակ տեքստերի հավաքածու է, ուր հիշատակում են բանաստեղծական և քննադատության ձևով իմ այցելությունը, այսպես կոչված, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն։ Կենդանի Հայաստանի մասին այս տեքստերի համար շատ պարտական եմ Սոլժենիցինի գործերին։ Վերջին հատորը վերնագրված է Մագնիսական լեռը, ուր Արարատ լեռը միաժամանակ առիթ է դառնում զննումի և մի տեսակ դատողության այն օտարացումների պատճառով, որ Պատմությունն ի վիճակի եղավ մատնելու հայ ժողովրդին։
Այժմ հասկանալի կլինի, ինչու ETHNOS գիրքը երջանկություն է պարգևում ինձ Հայաստանի Ազգային Գրադարանում հանգչելու համար։ Փաստորեն, սա վերաբերում է մի գրքի հանդիսավոր, հիմնավոր և հիմնադիր բացմանը, որտեղ ի հայտ են գալիս արդեն բոլոր թեմաները, որոնք հետագայում քննարկելու և զարգացնելու էի։ Ի դեպ, սա հավանաբար վերաբերում է մեն –միակ մի գրքի, որը վկայակոչում է հայերի իրական կյանքը կոմունիստական վարչակարգի օրոք՝ 70-ական թվականներից սկսած։ Այն գրվել է Հայաստանում և Ֆրանսիայում, այնպես ստացվեց, որ ընդհատակյա հրատարակվեց Վիետնամում, որտեղ դասավանդում էի 1975 թվականի ապրիլից, Վիետ Քոնգի կողմից Սայգոնի նվաճումի առաջին օրերից սկսած։ Նշում եմ այն պատճառով, որ սա հակակոմունիստական առաջին գիրքն է` հրատարակված Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, երբ Սայգոնում արդեն մոլեգնում էին ինքնաքննադատություններն ու արևմուտքում տպագրված գործերի վտարումը։
Այսքանից հետո բնավ չպատասխանեցի Աննա Արզումանյանի այն հարցին, որը վերաբերում էր լեզվի և հողի միջև եղած հարաբերություններին։ Իմ առաջին բանաստեղծությունը գրել եմ հայերեն 12-13 տարեկանում։ Ավելի ուշ, ֆրանսիացի հեղինակների գործերը կարդալով, բնականաբար, ցանկացա գրել ֆրանսերեն։ Դրանից հետո հայկական հարցը ստանձնած պարտավորությունս բնականորեն կենտրոնական տեղ էր հատկացնելու Հայաստանին և հայ ժողովրդին։ Այսպիսով, հանգամանքների բերումով, դարձա պարադոքսալ գրող այն ժամանակից ի վեր, ինչ գրում եմ ֆրանսերեն հայժողովրդի մասին և նրա համար։ Բայց այս երկիմաստությունը զարմանալի չէ։ Սա մեր պատմության արդյունքն է, ծվեն-ծվեն լինելու արդյունքը։ Փաստորեն, ֆրանսերենի օգտագործումը, հայկական թեմայի հետ առնչված, անմիջական արտաքսումի արտահայտումն է։ Արտաքսումի արտահայտումը որպես գրողի՝ հարաբերվելով նախնյաց հողի հետ։ Նույնիսկ վերջին գրքերիցս մեկը վերնագրված է` ՍԵՐԸ ԱՔՍՈՐ Է։ Դա նշանակում է մարդու անխուսափելի տարրալուծումը որպես նյութի՝ իր էության հետ։
—Երևանաբնակ լրագրող Թագուհի Հակոբյանը, որ իմ գրքերում նկատում է լեզվաբանական մտածողության և օրիգինալ ոճաբանության մտահնարանք, ուզում էր իմանալ` որն է իմ սրտամոտ գրական ժանրը։
-Ես գրականություն եմ եկել դասական բանաստեղծությամբ, որից հետո արտահայտվել եմ արձակով, համառոտ տեքստերով, նովելներով, վեպերով, ինչպես նաև ` թատերգությամբ, էսսեով, հոդվածներով․․․ իսկ վերջում՝ աֆորիզմներով։ Որպես գրող` չեմ սիրում կրկնվել։ Սա է պատճառը, որ միշտ ջանում եմ ինձ զարմացնել նոր ձևեր ընդգրկելով, մինչև իսկ խառնելով ժանրերը, դրանք բաղդատելով իրար հետ միևնույն գրքի մեջ։ Օրինակ, Աղբաստանում ձգտում ունեի գրել մի ամբողջական վեպ, որում ներդրեցի բանաստեղծություն, գեղանկարչություն, երաժշտություն, հերոսապատում, թատերագրական երկխոսություն, նույն ձևով, ինչ կյանքի տևողությունը և մահվան ժամանակահատվածը խաչաձևվում են, որպես թե երկխոսության իրավիճակում դնեի Նուբարաշեն ընթացող ճանապարհին աղբանոցն ու գերեզմանատունը։ Չերկմտեցի նաև խառնել իրար կերպարվեստն ու գրությունը, ինչպես Ինքնակենսագրասյունում կամ Հատվածներ վտարանդիների կերպարանքներից գրքերում։ Բայց ամենահետաքրքիրը կերպարներ հորինելն է, ինչպես արել եմ Սերը աքսոր է գրքում։ Ներկայումս գրում եմ մի թատերգություն այն մասին, որ Դոդի Գագոն Երկինք է կերտում (ժամանակավոր վերնագրով), որտեղ պատմության մեջ հերթագայվում են մենախոսությունն ու երկխոսությունը։ Իրականում այն, ինչ հետաքրքրում է ինձ՝ խաչաձևումն է, գրել ոչ միայն մեն-միակ ժանրով, այլ երկխոսության մեջ դնել ժանրերն իրար հետ։ Իսկ սա նշանակում է, որ իմ գրքերն անսովոր են և պահանջում են իրական սեր գրականության հանդեպ ընթերցողի կողմից։
—Լուսինե Մուսախանյանը, որ հիմա բանաստեղծական շնչով գրված և միաժամանակ առեղծվային աֆորիզմներից կազմված իմ վերջին ժողովածուն է թարգմանում, հարցնում է ինձ՝ ինչպե՞ս են ծնվում բառախաղերը երևակայությանս մեջ, արդյո՞ք մշակում եմ նախադասություններս, թե՞դրանք ինքնաբերաբար են առաջանում։ Երկա՞ր եմ աշխատում ոճի վրա, թե՞ միտքը հանկարծակի է ծագում իմ գլխում։
-Եթե խոսքը վերաբերում է իմ աֆորիզմներին, ես միաժամանակ մի քանի մեթոդներով եմ աշխատում։ Ես ասում եմ՝ աշխատում եմ, երբ նրանք բառացիորեն աշխատում են ինձ վրա : Պատահել է նույնիսկ, որ վերջնահարված եմ տվել մի նախադասության, երբ աչքի վիրահատման ժամանակ տեղային անզգայացման մեջ էի։ Եվ, ի վերջո, ինձ հաջողվեց գտնել ճիշտ բառերն իրենց հավասարակշռվածությամբ՝ նախքան վիրաբույժը վիրակապ կդներ աչքիս։ Պատահում է, որ դրանք պոռթկումով են գալիս քուն մտնելուս պահին։ Ամեն անգամ պետք է գրի առնեմ, այլապես կանհետանան։ Գիտեմ, որ հաջորդ օրը նորից եմ անդրադառնալու դրանց։ Հիվանդանոցում շատ եմ գրել, մանավանդ աֆորիզմներ, որ Լյուսին հիմա թարգմանում է։ Այստեղ նույնպես նախադասությունները գալիս էին իրար հաջորդելով։ Փաստորեն ես վերցրել էի հետս մի գիրք, որը բառացիորեն ինձ հետ շատ էր զրուցում` Երկխոսություններ հրեշտակի հետ։ Բավական էր մի էջ բացեի, ընկնելով մի բառի հետեւից, անմիջապես այս հանդիպումը մի միտք էր արձակում, որն ինքնաբերաբար փոխվում էր նախադասության։ Մի լուսաշող նախադասություն, ժանրի համար այնքան տարօրինակ, որ հպվում է մարդկային մտքի չհետազոտված գոտիներին։ Ի միջիայլոց, տարակուսում եմ երկու վերնագրերի միջև, որ ուզում եմ տալ այս գրքին․ Ցավդ տանեմ կամ Անհայտի պոետիկա։ Շատ հանդուգն մի բան է, քանզի խույս է տալիս ամեն տեսակի բանականությունից։ Ուրեմն, նրա սովորական բանականությունից ազատվելով է ընթերցողը նույնպես գնահատելու արտառոցության փայլակները, որ այդ նախադասությունները վեր են հանելու նրա մտքում, ինչպես իմ պարագայում տեղի ունեցավ։
Ավելացնեմ, որ շատ եմ գրում, հատկապես հիմա, ինձ համար հարկադրանքներ եմ ստեղծում։ Դրանք այն հարկադրանքներն են, որ հարստացնում են նյութը։ Օրինակ, երբ աշխատում եմ հնչեղություններին արձագանք տալ, պարտադրում եմ ինձ գտնել ավելի հյութեղ, ավելի ճիշտ բառեր, որոնք սկզբնական իմաստի պտույտների չափը ավելացնում են։
Ես որոշակիացնում եմ, որ ամեն գիրք գրվի անձնական պահանջների համաձայն, որն իր հետ հատուկ աշխատանքի մեթոդ կստեղծի։
Օրինակ,Աղբաստան վեպի համար սկսեցի մանրակրկիտ պլան մշակել յուրաքանչյուր գլխի համար։ Եթե գրած լինեի թեթև ոճով, չէի հասնի նույն արդյունքին։ Պլանավորվածության փուլում այնքան էլ հեշտ չէր ընթացքը։ Ամենադժվարը ճիշտ տոնայնություն գտնելն էր, որ այդ գրքի համար էր նախատեսված։ Մի անգամ այն ձեռք բերելուց հետո, կառուցվածքն ավելի արագ է ընթանում։ Այդ ժամանակ դա դառնում է սևեռուն գաղափար, որին ոչինչ չի կանգնեցնում։ Աղբաստանը մեծմասամբ գրվեց այն ժամանակ, երբ քիմիաբուժություն էի ընդունում։ Երկու սեանսների միջև քսան օր դադար ունեի, որոնցից տասը օրը գամված էի անկողնում, որից հետո, մնացած տասը օրերի ընթացքում աշխատում էի։ Հիշում եմ նաև, դիալիզը նդունելու ժամանակ էր, որ գրեցի մի ուրիշ գիրք․ Զավեշտալի համառոտագրություններ, որը լույս տեսավ 2017 թվականին։
Ինչ վերաբերում է Ինքնակենսագրասյուն—ին, գրել եմ չափածո, ներկայացնելով քանդակագործությունս և բառերը հարմարեցնելով կցած իրերին։
Իրականում տարբեր ժանրերով գրելու կարողության առավելությունն այն է , որ մտավոր առումով միշտ ակտիվ վիճակում ես գտնվում։ Բավական է մի բառ լսել, կարդալ մի խանութի վերնագիրը կամ այլ բան, որ անմիջապես ի հայտ գա ներշնչանքը։ Այս առումով, այնպես է ստացվում, որ գրողը ինքնակորույս աշխատում է այդ պահից, երբ միշտ հնարավորություն չունի նշումներ կատարելու այն ամենի մասին, ինչն անցնում է մտքով։
—Աննա Արզումանյանը հարցնում է․ ինչպիսի՞ տարբերություն եմ գտնում սփյուռքի և Հայաստանի իմ ընթերցողների միջև։
-Չգիտեմ, պե՞տք է ինձ նզովյալ գրող համարեմ։ Բայց որքան գրում եմ, այնքան ավելի տպավորություն եմ ստանում, թե այդ նզովքը հաստատվում է։ Իմ առաջին գրքերը երկար գրաքննադատությունների առիթ տվեցին Յառաջ թերթի Միտք և Արվեստ բաժնում։ Այսօր հրատարակածս գործերը Տիգրան Եկավյանի գրախոսությունների առիթ են տալիս Nouvelles d’Armenie Magazine-ում, որը նույնպես գրականության վերաբերյալ բաժին է բացել «Nouvelles d’Armenie Magazine հանդեսում, իմանալով, որ թերթերն ավելի շուտ մնում են որպես առանցք հայկական հարցի վերաբերյալ համայնքի և քաղաքականության բնագավառի կյանքում։ Պետք է ասեմ, որ մերժելով ստեղծել շահադիտական գրականություն և հրաժարվելով ֆրանսիացի որևէ մեծ ձեռնարկատեր հրատարկչից, արժանացել եմ այն միայնությանը, որի մեջ աշխատում եմ։ Սակայն նույնիսկ հայ հրատարակչի մոտ հայկական եկեղեցիների վերաբերյալ հրատարակածս գրքերը կամ իմ թատերգությունները, որոնց առանցքը ցեղասպանության հարցն է, նույնպես հետաքրքրություն չառաջացրին կամ հետաքրքրասիրության որևէ սկզբնավորում, որ պետք է սպասեինք տեսնել համայնքից։
—Աննա Արզումանյանը նույնպես հարցնում է ինձ․ ի՞նչ կապ եմ տեսնում Փարաջանովի և իմ ստեղծագործության միջև։
-1980 թվականին, երբ Թիֆլիսում հանդիպեցի Փարաջանովին, ինձ հետաքրքրեց նրա հալածված ստեղծագործող լինելու հանգամանքը։ Փարաջանով ձիերը գրքիս չափածո գործերը լայն ակնարկ են տալիս այս թեմատիկայի վերաբերյալ։ Փարաջանովը ներկայացնում է քմահաճ, անխիղճ բռնապետության կողմից խոր հուսահատությամբ համակված արվեստագետի պատկերը։ Այս առումով նա ոչ մի դեր չի խաղացել իմ հետագա գրքերի մշակման հարցում, երբ այն ժամանակ ես հալածված չէի որևէ բռնապետության կողմից։ Այս ասելով, ընդունում եմ Փարաջանովի կողմից ազատագրված կերպարվեստի վերաբերյալ գործերս, երբ նա անձամբ իր մաշկի վրա զգալով քաղաքական հարկադրանքները, ձերբազատվել է ընթացքի մեջ գտնվող կինոարվեստին վերաբերող դոգմաներից։ Պետք է վստահաբար ասեմ, որ ավելին՝ իր կոլաժներում, օրինակ, տեսնելով, թե ինչպես է Փարաջանովն այրում նոր ստացած բացիկի ծայրերը, ես կարողացա խրախուսել երևակայությանս, ազատագրվելով դասական արվեստի ձևերից։ Դա քիչ բան չէ։
Ավելի համոզիչ է Արա Բալիոզյանի ազդեցությունը, որն իր ներդրումն ունի հայկական մշակույթի գործում։ Հավանաբար նրան եմ պարտական իմ քննադատական պայծառատեսությամբ, որ ոմանք հակահայրենասիրական ամբարտավանություն կորակեն։
Իրականում, իմ աշխատանքի մեջ հայ գրողների ներկայությունը երբեք չի ներգործել ճշգրիտ ազդեցությամբ ընթացաշրջանիս վրա։ Թարգմանել եմ ՊարույրՍևակ։ Թումանյանին պաշտում եմ, հիանում եմ Բակունցով, բայց այս հեղինակներին ընթերցելու ժամանակն ուշացումով եկավ, դա եղավ ֆրանսիացի հեղինակներին` Բալզակ, Պրուստ, Մոնտեն, Ռեմբո, Սեն-Ժոն-Պերս, Վալերի, Կլոդել և այլոց գործերը ընթերցելուց հետո։ Օրինակ, 20 տարեկանում շատ եմ ընդօրինակել վերջին երկու հեղինակներին։ Փարաջանով ձիերը գրքի համար շատ պարտական եմ Սեն-Ժոն-Պերսին։
Գիտեմ, որ ընդհանուր առմամբ ընթերցանությունն արագ անհետանում է ամբողջ աշխարհի երեսից։ Իսկ փորձառական գրականությունը, որն իմն է, իր տեղը չունի։ Այս ամենի պատճառով պե՞տք է գրելը դադարեցնել։ Իմ պատասխանն է՝ ոչ։
Սփյուռքում մշակութային հանգրվանները իրենց դերը չեն կատարում, և երբ կոչված են դա անելու, միջնորդավորված դիմում են քաղաքական նկատառումներին՝ ասպարեզից հեռացնելու համար այլախոհ մի գրողի, որպիսին ես եմ։ Շատ զվարճալի պատմություններ ունեմ այս հարցի վերաբերյալ, բոլորը մեկը մյուսից ավելի ողբալի և ավելի ստորացուցիչ, բայց հիմա դրա ժամանակը չէ։
Հայերը միշտ զարմացնելու են ինձ։ Օրինակ, իմ Հայկական ցեղասպանության փոքր հանրագիտարանի համար, բացի Nouvelles d’Armenie Magazine հանդեսում տպված երկարաշունչ հոդվածից, հայկական ոչ մի ընկերություն կամ հաստատություն հրավեր չկազմակերպեց։
Ինչ վերաբերում է Հայաստանի իմ ընթերցողներին, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև վերադարձչ ունեմ։ Չեմ կարող անտեսել, որ Հայաստանի հայերը այլ հոգսերուն են և կարդալը նրանց համար առաջնայնային հարցչ է։ Բայց չեմ բացատրի, թե ինչու Աղբաստանն այնքան վատ ընդունվեց մտավորականների կողմից, սակայն գոնե պատվախնդրություն ունեցան կարդալու և ընկալելու վեպը։
Ավարտելով ասելիքս` ուզում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել այն թարգմանիչներին, որոնք ուղեկցել են ինձ, սկսեմ Նվարդ Վարդանյանից՝ իմ առաջին գրքերի թարգմանչուհուց, որը թարգմանել է իմ գրքերից 6-ը. գնահատում եմ նրա հաստատակամությունն այնքան, որքան բանիմացությունը` չմոռանալով, որ նա անմիջապես սկզբից ներշնչել է ինձ։ Շնորհակալ եմ Ռուզաննա Վարդանյանին նրա` Աղբաստան գրքի թարգմանության համար, Անահիտ Ավետիսյանին` իր մանրակրկիտ խմբագրությունների համար, Գառնիկ Մելքոնյանին, որ թարգմանել է իմ թատերգությունները, Հասմիկ Թորոզյանին՝ իմ աֆորիզմների համար, Լիլիթ Մնացականյանին` Փարաջանով ձիերի նուրբ թարգմանությանհամար, Տաթևիկ Թանգյանին՝ հոդվածների համար և Լուսինե Մուսախանյանին, որ շատ հոգսեր ունենալով, մտահոգվում է իմ վերջին գրքի՝ աֆորիզմների պատճառով՝ Ցավդ տանեմ։
