ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի «Ազգային հանրահավաք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռը վհուկների որսի օրինակ է որակել։
Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Մարին Լը Պենի դեմ վհուկների որսը ևս մեկ օրինակ է այն բանի, որ եվրոպական ձախերը օրենքը օգտագործում են որպես զենք՝ խեղդելու խոսքի ազատությունը և գրաքննելու իրենց քաղաքական հակառակորդին, այս անգամ հասնելով նրան, որ իր հակառակորդին բանտ են նստեցնում:
Չեմ ճանաչում Մարին Լը Պենին, բայց ես գնահատում եմ, թե որքան ջանասիրաբար նա աշխատել է այսքան տարի:
Այս ամենը շատ վատ է Ֆրանսիայի և ֆրանսիացի մեծ ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե որ կողմում են նրանք: Ազատություն Մարին Լը Պենին»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի գործարար, Թրամփի կառավարության անդամ Իլոն Մասկը ևս կոչ է արել ազատ արձակել Ֆրանսիայի «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին մեղադրական դատավճռից հետո։
Փարիզի դատարանը երկուշաբթի օրը դատապարտել է Լը Պենին և աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության մի շարք պատգամավորների՝ Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2004-ից 2016 թվականներին Եվրախորհրդարանը միջոցներ է հատկացրել Լը Պենի կուսակցության պատգամավորներին խորհրդարանական օգնականների աշխատանքի համար, սակայն իրականում օգնականներն աշխատել են միայն «Ազգային հանրահավաք» կուսակցության համար։
Լը Պենը մեղավոր է ճանաչվել Եվրախորհրդարանի համար փողերի լվացման «կենտրոնացված համակարգ» ստեղծելու մեջ։
Ինչպես մեղավոր ճանաչված մյուս պատգամավորներին, դատարանը նրան արգելել է ընտրվել պետական մարմիններում։
Լը Պենի համար այս խափանման միջոցը սահմանվել է հինգ տարի ժամկետով՝ պատժի անհապաղ ի կատար ածմամբ, ինչը կարող է զրկել նրան 2027 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու հնարավորությունից։ Նա նաև պետք է երկու տարի կրի էլեկտրոնային ապարանջան և վճարի 100 հազար եվրո տուգանք։ Դատարանը պարտավորեցրել է կուսակցությանը վճարել 1 մլն եվրո։
