Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 208 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը հանգեցրել են համաշխարհային շուկաների անկմանը:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI)՝ դա չորրորդ ամենամեծ մեկօրյա անկումն է ինդեքսի 13-ամյա պատմության մեջ և ամենամեծը՝ COVID-19 համաճարակից ի վեր։ Նշվում է, որ ցուցակում հայտնված միլիարդատերերի կեսից ավելիի կարողությունը նվազել է միջինը 3,3%-ով։
Ըստ հաշվարկների՝ ամենալուրջ տուժել են ամերիկացի միլիարդատերերը, մասնավորապես՝ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Մեքսիկայի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը, Միացյալ Նահանգներից դուրս գտնվող մի քանի միլիարդատերերի թվում է, ովքեր խուսափել են մաքսատուրքերի բացասական ազդեցությունից, նշում է գործակալությունը։
Ցուկերբերգը կրել է ամենամեծ կորուստները՝ Meta-ի բաժնետոմսերի 9%-ով անկումը կրճատել է նրա կարողությունը 17,9 մլրդ դոլարով, ասվում է հրատարակության մեջ։
Amazon-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են 9%-ով, ինչը հանգեցրել է Ջեֆ Բեզոսի կարողության նվազմանը 15,9 մլրդ դոլարով։
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորցրել է 11 մլրդ դոլար այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերը 5,5%-ով անկում են ապրել։
Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրի և տարածքների ապրանքի համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա ասել է, որ ներմուծվող ապրանքների համար նվազագույն մաքսատուրք կսահմանի 10 տոկոս։
Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական սակագներ։ Տուրքերի ներդրումից հետո ամերիկյան շուկան հզոր անկում է ապրել։
