Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը՝ Հասմիկ Ղ․-ն մահացել է։
Երեւանի շտապ օգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ քրեական վարույթ է նախաձեռնվել, ենթադրաբար՝ վարորդը ղեկին քնել է։ Խոսելով մահացած բժշկի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ նա 1986 թվականից աշխատում էր Շտապ օգնությունում, 69 տարեկան էր։ Հուղարկավորության հարցերը քաղաքապետարա՞նն է լուծելու եւ երբ է տեղի ունենալու արարողությունը, հարցրինք Գրիգորյանին։ «Մի աղջիկը Գերմանիայում է, պետք է գա, կարող է իրենց մոտ մի բան փոխվի, չգիտեմ․․ ընդհանրապես նման դեպքերում ապահովագրական ընկերությունները 1 միլիոն դրամ փոխհատուցում են, ճիշտ է` իրավասու մարմնի որոշումից հետո։ Անձամբ եմ խոսել, քաղաքապետարանի դիրքորոշումն այն է, որ պետք է այդ ընտանիքի կողքին լինեն, աջակցենք»։
