Նախընտրական քարոզչության ընթացքում Դոնալդ Թրամփի գլխավոր կարգախոսներից մեկն այն էր, որ իր ընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը: Սակայն ընտրվելու հենց առաջին օրը պարզ դարձավ, որ նա այնքան էլ չի ուզում եւ չի կարող դա անել: Նախ՝ բառախաղ սկսեց, թե ոչ թե ընտրվելու, այլ երդման հաջորդ օրը նկատի ուներ եւ այլն: Իրականում` զուտ նախընտրական դիվիդենտներ շահելու համար էր դա ասվում: Մարդիկ հոգնել էին արդեն 3 տարի ձգձգվող պատերազմից, որը մեծ միջոցներ եւ մարդկային զոհեր էր տանում, ու վերջը չէր երեւում: Երկու կողմից էլ ահռելի մարդկային զոհեր կան, եւ կրակի դադարեցման նշաններ չեն երեւում:
Հակառակը` կրակը թեժանում է, ընդլայնելով պատերազմի աշխարհագրությունը: Ստեղծված օրհասական վիճակում միայն ուժեղ կամք եւ լուրջ միջամտությունը կարող են օգնել, որ հակամարտությունը դադարի: Եվ երրորդ համաշխարհային պատերազմի ռեալ վտանգից ելնելով է նաեւ Թրամփն իր վրա վերցրել այս պատերազմի դադարեցման առաքելությունը` փորձելով երկու կողմին արված առաջարկություններով հասնել խաղաղության: Բանակցությունների առաջին ռաունդը կարծես լավ ընթացք ունեցավ, սակայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները չեն կարգավորվում, եւ գնալով փոքրանում է նրանց միջեւ համաձայնության հավանականությունը: Սրա համար ԱՄՆ-ն մեղադրում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Ուկրաինային, ե՛ւ Եվրամիությանը, Ռուսաստանը մեղադրում է Եվրամիությանը եւ Ուկրաինային, Ուկրաինան՝ Ռուսաստանին եւ որոշակիորեն՝ նաեւ ԱՄՆ-ին, իսկ Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Ու ստեղծվել է «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակի իրավիճակը: Բնական է, որ գործընթացի մասնակիցներից յուրաքանչյուրն իր շահն է որոնում, եւ իրար զիջելու որեւէ նշույլ չի երեւում:
Կարելի է ասել, որ բանակցությունները մասնակիորեն մտել են փակուղի, եւ մի տեսակ արդեն կողմերը դրան լուրջ չեն վերաբերվում, ու յուրաքանչյուրը պահը բաց չի թողնում՝ հակառակորդ կողմին քարկոծելու եւ ամեն ինչի մեջ նրան մեղադրելու համար: Եթե ավելի ստույգ լինենք, ապա բանակցողների միջեւ հակասություններն այնքան են խորացել, որ կարծես դրանց նորմալ ընթացքին կողմերը համարյա չեն հավատում, շարունակ թիրախավորում են միմյանց: Հատկապես գրեթե թշնամական են դարձել ԱՄՆ-Եվրամիություն հարաբերությունները, եւ նաեւ ի հեճուկս ԱՄՆ-ի, ԵՄ-ն հասկացնում է, որ մնալու է Ուկրաինայի կողքին եւ չի ընդունում ԱՄՆ-ի մոտեցումներն այս հարցում: Փորձում են պարտադրել ԱՄՆ-ին` փոխել իր մոտեցումները, հատկապես՝ Ռուսաստանի նկատմամբ բարյացակամությունը:
Եվ ամենազարմանալին այն է, որ հաշտեցման բանակցությունները շատ արագ նենգափոխվեցին եւ վերածվեցին անջատ-անջատ` սեփական շահերին ուղղված բանակցությունների՝ «ով որքան կարող է, որքան կարող է շատ» սկզբունքով: Թրամփը որոշեց պատժել աշխարհը` շեշտակի բարձրացնելով մաքսատուրքերը ԱՄՆ ներկրվող ապրանքների նկատմամբ` 10-50 եւ ավելի տոկոսով մաքսատուրքեր սահմանելով եւ աշխարհը կանգնեցնելով տնտեսական կոլապսի առջեւ: Ուկրաինային պարտադրեց պայմանագրով իրեն տալ մոտ 500 մլրդ դոլարի գունավոր մետաղներ, որը համարում է մոտավոր հենց այն գումարը, որը Բայդենը տվել էր Ուկրաինային` հանելով ԱՄՆ բյուջեից: Հայտարարեց, որ, հավանաբար, իրենով կանի նաեւ Զապորոժիեի ատոմակայանը, չնայած այն այս պահին ռուսների ենթակայության տակ է:
Հիմա Եվրամիության շատ երկրներ, որոնք բացարձակապես համաձայն չեն Թրամփի այս որոշումների հետ, ամեն ինչ փորձելու են անել այդ բարձր մաքսատուրքերը չվճարելու համար: Եվ այս բոլորի հետեւանքով Ռուսաստանի եւ Ուկրաինայի հաշտեցումը մղվել է երկրորդ պլան, անժամկետ սառեցվել: Կասկած է հարուցում անգամ այն, որ հաշտեցման հանձնառություն ստանձնած ԱՄՆ-ն ոչ միայն չի ընդհատել, այլեւ շարունակում է Ուկրաինային մատակարարել զենք եւ հետախուզական տվյալներ, որն Ուկրաինայի կողմից պատերազմը շարունակելու եւ կանգ չառնելու հնարավորություն է: Մի խոսքով, շատ անհասկանալի ու տարօրինակ մի իրավիճակ է ստեղծվել, եւ որեւէ մեկը հստակ չի պատկերացնում իր հետագա անելիքը։
Մի բան է միայն հստակ, որ Թրամփը, ոչնչի առաջ կանգ չառնելով, ամեն կերպ փորձում է ԱՄՆ-ն հարստացնել, շտկել Բայդենի վարչակազմի կողմից ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառված վնասը: Իսկ Եվրամիությունն ու Ուկրաինան շարունակում են պղտոր ջրում ձուկ որսալ եւ ջանքեր ներդնել, որպեսզի պատերազմը չդադարի: Մնում է հուսալ, որ, այնուամենայնիվ, Թրամփը կփորձի տեր կանգնել հաշտեցման իր նախաձեռնությանը եւ կկատարի խաղաղություն հաստատելու մասին տված խոստումը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
