ԻՐԱՆԻ ԱՐԺՈՒՅԹԸ  «ԿԵՆԴԱՆԱՑԵԼ» Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

Իրանի ազգային արժույթը՝ ռիալը պատմական ցածր մակարդակից ամրապնդվել է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի միջնորդ բանակցությունների աճող ակնկալիքների ֆոնին, որոնք պետք է տեղի ունենան Օմանում այս շաբաթավերջին:

Անցած շաբաթ Իրանի արժույթը նոր հակառեկորդ է սահմանել՝ հասնելով ԱՄՆ դոլարի դիմաց 1,043,000 միավորի փոխարժեքին: Դա տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարության ավարտից հետո։

Իրանական արժույթն այսօր՝ ապրիլի 8-ին, ցատկել է մինչև շուրջ 960,000 ռիալ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտության նորացման ակնկալիքների ֆոնին: Ռիալի փոխարժեքի աճը հետևեց կտրուկ անկմանը, որը պայմանավորված էր բանակցությունների բացակայությամբ, ԱՄՆ-ի շարունակվող պատժամիջոցներով և Իրանի վրա՝ Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականությամբ,  ինչպես նաև տարածաշրջանային լարվածության սրմամբ:

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը և չեն նախատեսում Օմանի հանդիպումից հետո փոխել ձևաչափը։

Իրանական պատվիրակությունը կգլխավորի անձամբ արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմը կներկայացնի Մերձավոր Արեւելքում Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։

 

Կիսվել սոց․ ցանցերում