Բուռն արձագանք ու հոտնկայս ծափոզջույններ. Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսատեսն այսպես դիմավորեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որի ղեկավարությամբ տրվեց ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացումը:
Համերգով ազդարարվեց նաեւ նվագախմբի 2023-2024 համերգաշրջանի մեկնարկը։
Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, մեղադրվում էին առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու համար։ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի կալանավորումը վերանայելու հանրային պահանջ էին ներկայացրել մի շարք արվեստագետներ եւ մարզիկներ։
Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Սերգեյ Սմբատյանը եւ նրա հայրը ազատ են արձակվել 100-ական մլն դրամ գրավի դիմաց:
Ինչ վերաբերում է «Արմենիա» փառատոնին, այն տեւելու է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Փառատոնի համերգային ծրագրում ընդգրկված կլինեն դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, համաշխարհային դասականների կողքին կլինեն նաեւ հայ հեղինակների գործեր, ինչը կարեւոր առաջնահերթություն է Մաեստրո Սերգեյ Սմբատյանի համար։
Այս տարի փառատոնի շրջանակում երեւանյան բեմ կբարձրանան հանրահայտ ջութակահարներ Սթիվեն Ուորթսը, Մարկ Բուշկովը, Շյաոժուո Վանգը, դաշնակահարներ Զի Զին, Եկվոն Սունվուն, թավջութակահար Գաբրիել Շվաբեն։
