Հայաստանը նախատեսում է դեսպանություն հիմնել Օմանի Սուլթանությունում՝ նստավայրը՝ Մասկատ։ Նախագիծը կառավարություն է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հիմնավորելով, որ որոշումը պայմանավորված է երկու երկրների միջև վերջին տարիներին նկատվող ակտիվ համագործակցությամբ ու բարեկամական հարաբերություններով։ «Հայաստանի և Օմանի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Օմանի Սուլթանությունը, վարելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն, տարածաշրջանում հանդես է գալիս որպես չեզոք կողմ՝ նպաստելով երկխոսության զարգացմանը։ Օմանական կողմը դրական է արձագանքել Մասկատում ՀՀ դեսպանություն բացելու առաջարկին՝ շեշտելով փոխադարձության սկզբունքի կիրառման կարևորությունը։ Դեսպանության գործունեությունը կնպաստի քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացմանը, զբոսաշրջության խթանմանը և երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը»,-նշված է որոշման նախագծում։ Ըստ նախագծի՝ դեսպանության բացման համար 2025 թվականին նախատեսվում է ծախսել մոտ 345 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն դրամ։ Հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 211.7 հազար դոլար, իսկ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի, դեպոզիտի և միջնորդավճարի համար կպահանջվի ևս 134 հազար դոլար։ Ծախսերը կֆինանսավորվեն ԱԳՆ ծրագրային միջոցներից և պետական պահուստային ֆոնդից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/878874.html?fbclid=IwY2xjawJkRIdleHRuA2FlbQIxMQABHuJdCGbBG2eeQKoBu8kLsKVkPEVBgEin28WAlZBH1WyRY8-AHuByeIu1g3Oz_aem_X-iCr82btk5PhUd3mEw0qQ
© factor.am
