Ոչ թե ուրացեք, այլ փորձեք հասկանալ ձեր եղբայրներին

Ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հանթինգթոնն  իր  <Քաղաքակրթությունների բախումը> գրքում գրում է. « Գյուղերը, գավառները, էթնիկական խմբերը, ազգությունները, կրոնական խմբերը  բոլորն էլ մշակութային տարասեռության տարբեր մակարդակներում ունեն տարբեր մշակույթներ: Հարավային Իտալիայի որեւէ  գյուղի մշակույթը տարբերվում է Հյուսիսային Իտալիայի գյուղական մշակույթից, բայց երկուսն էլ  ընդհանուր իտալական մշակույթի կրողն են, որը նրանց  տարբերում է գերմանական գյուղական մշակույթից »:

Նույնը կարող ենք ասել հայաստանցիների եւ արցախցիների մշակութային տարբեր  ընկալումների մասին: Տասնամյակներ շարունակ ադրբեջանական լծի տակ ապրող ժողովուրդն իր աշխարհընկալմամբ, պատկերացումներով, բնական է, որ պետք է տարբերվեր, ասենք,  միջին վիճակագրական երեւանցուց կամ էջմիածինցուց: Խորհրդային իշխանության տարիներին ադրբեջանաբնակ գյուղեր են եղել նաեւ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Նրանք, ովքեր այդ տարիներին ապրել են ադրբեջանցիների  հարեւանությամբ, նրանց հետ աշխատել ու հաց են կիսել, կարող են վկայել, թե մշակույթի, կենցաղի առումով ինչքան ակնհայտ տարբերություններ կային, եւ մեզնից որքան ջանքեր են պահանջվել սեփական ինքնությունը պահպանելու համար:

Այսօր Հայաստանում արհեստականորեն սնուցվում  է հայաստանցի-արցախցի հակադրությունը: Գռեհիկ, թերուս, ինքնահաստատման կարիք ունեցող առանձին անհատներ  սոցիալական ցանցերում  ժամանակ առ ժամանակ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս ինչպես արցախցիների, այնպես էլ սյունեցիների  հասցեին, թեեւ երբեք  իրենք  չեն  եղել նրանց վիճակում, երբեւէ օգնության ձեռք չեն մեկնել նրանց, չեն  ապրումակցել: Փոխարենն իրենց  բարձունքներից  դասեր են տալիս հայրենիք, տուն-տեղ, հարազատներ ու նրանց շիրիմներին այցելության հնարավորություն  կորցրած մարդկանց:

Դեռեւս 1997թ., Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելուց եւ ՀՀ վարչապետ նշանակելուց հետո այն ժամանակվա մամուլում կարծիքներ էին հնչում, որ հայաստանցի-ղարաբաղցի ներէթնիկական հակադրության հիմքերն են դրվում: Ռոբերտ Քոչարյանն, այս հարցում, իհարկե, հուսախաբ չարեց, եւ նրա նկատմամբ  շատ  հայաստանցիների ողջ  հակակրանքը տարածվեց  նաեւ  ղարաբաղցիների  նկատմամբ, որոնք լոյալ վերաբերմունք ունեին եւ չէին դատապարտում  նրա գործած հանցանքները  Հայաստանի ժողովրդի նկատմամբ:  Պետք է հիշել, սակայն, որ  «ղարաբաղյան կլան»    արտահայտությունն ամենեւին էլ չի վերաբերում շարքային  արցախցիներին, որոնք նույնքան խաբված ու տուժած են Հայաստանի եւ Ղարաբաղի  իշխանությունների` տասնամյակներ շարունակ իրականացրած  քաղաքականությունից,  որքան` հայաստանցիները: Բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում ընդունել են ջերմությամբ, ով  ինչով  կարողանում է` փորձում է օգնել: Նեցուկ լինելով իրենց  հայրենակիցներին` այդ մարդիկ չեն ձգտում ինքնահաստատվել սոցիալական ցանցերում, նրանց պիտակավորել, վիրավորել: Նորմալ, առողջ հասարակության մեջ պետք է փորձել հասկանալ բռնի տեղահանված  մարդկանց, ամեն ինչ անել` նրանց հայաստանյան կյանքին ինտեգրելու համար: Մասնավոր զրույցներում նրանք հիշում են, որ 2020թ. պատերազմից հետո էլ վերադարձան Արցախ, վերանորոգեցին իրենց  տները, պայքարեցին, մնացին մինչեւ  2023թ. չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը: Այդ մարդիկ ասում են նաեւ, որ իրենք մեղավոր չեն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ ղարաբաղցի պաշտոնյաների արածների համար եւ չեն ուզում, որ Հայաստանի ժողովուրդը նրանց պատճառով իրենց էլ խորթ աչքով նայի ու պիտակավորի:

Փորձենք հասկանալ այդ մարդկանց  եւ նոր փորձություններ  չբերենք մեր ու նրանց  գլխին:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում