Լուրջ տարաձայնություններ՝ Սպիտակ տանը

Սպիտակ տանը լուրջ տարաձայնություններ են՝ Պուտինի հետ բանակցությունների առնչությամբ: Այս մասին գրել է Wall Street Journal-ը։

ԱՄՆ նախագահը չգիտի՝ արժե՞ արդյոք կոշտ ճնշում գործադրել Կրեմլի վրա: Դոնալդ Թրամփի ամենամերձավոր խորհրդականներն այս հարցում երկու խմբի են բաժանվել։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ԱՄՆ նախագահին կոչ են անում ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Մոսկվայի նկատմամբ:

Նրանք Պուտինի մեջ խաղաղության իրական ցանկություն չեն տեսնում և զգուշացնում են Կրեմլի նկատմամբ չափազանց մեծ վստահության վտանգի մասին:

Նրանց խորհուրդն է՝ զիջումներ չլինեն Ռուսաստանին, քանի դեռ Մոսկվան պարզապես պահանջում է ուկրաինական տարածք և չի դադարեցնում ռազմական գործողությունները։

Թրամփն այժմ կարծես ավելի շատ ականջ է դնում իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, որն արդեն երկու անգամ անձամբ հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում և համոզված է, որ ռուսաստանցի բռնապետը խաղաղություն է ուզում։

Սպիտակ տանը այս տարաձայնություններն արդեն տարածվում են հանրային տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում