Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:
Նախարարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա դինամիկայի մասին, հայտնել հանդիպումների և օրակարագի մասին մանրամասներ:
«Մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը սահմանին է: Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում, և նպատակն է, կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը: Կան մի շարք այլ ծրագրեր:
Այսինքն, գործընթացը շարունակվում է, տեղի են ունենում զարգացումներ։ Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել: Օրինակ՝ մենք ունեինք պայմանավորվածություն՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ միաժամանակ, երկու կողմերն ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի ամբողջական բացումը։
Ըստ նախարարի՝ հետաքրքիր զուգադիպությամբ ինքն ու նախարար Ֆիդանը պատվիրակությունների հետ քննարկել են հնարավորություններ, որոնք կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։
«Այսինքն, ես սա ասում եմ՝ ընդգծելու համար, որ մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանն իբրև նպատակ ինքնին, այլև մեծածավալ առևտրին, որն իրական հնարավորություն է երկու երկրների միջև։ Քննարկել ենք նաև համատեղ էներգետիկ նախագծեր, տարանցման հնարավորություններ։ Ավելին, անդրադարձել ենք միջազգային հարթակներում համագործակցության թեմային, քանի որ իրականությունը ցույց է տալիս, որ որոշ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի վերաբերյալ, մեր ընկալումները երբեմն ավելի մոտ են, քան կարող է թվալ։ Այսինքն, կան բազմաթիվ հնարավորություններ»,- ասել է նախարարը:
